Լավատես չեմ, որ թվերի հրապարակումով կլուծենք այդ խնդրի շահարկման հարցը․ Ատոմ Ջանջուղազյանը պարգևատրումների մասին

«Մեզ էլ թվացել էր, որ բավականին մանրամասն անդրադարձ արվել էր այս պարգևավճարների հարցին՝ տարբեր ձևաչափերով, հարթակներում, այդ թվում՝ նաև ԱԺ-ում, հանձնաժողովների արտահերթ և լիագումար նիստերի ընթացքում»,- հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ պարգևավճարների վերաբերյալ հարցին։

Պատգամավորը ցանկացավ նախարարի պաշտոնակատարից լսել թվերը, թե քանի մարդ և ինչ չափով են պարգևավճար ստացել պետական համակարգում։

Ջանջուղազյանը նշեց, որ պետական համակարգում պարգևատրումների հանրագումարային հատուցման միջին ցուցանիշն ամսական 360 հազար դրամ է։ Բաբկեն Թունյանը արձագանքեց, որ այդպես էլ նախարարի պաշտոնակատարը չհրապարակեց անհրաժեշտ թվերը և շեշտեց, որ եթե նա չի տիրապետում դրանց, ապա ժամանակ կա մինչև քննարկման ավարտը դրանք ճշտելու և հնչեցնելու համար։

«Լավատես չեմ, որ այդ թվերի հրապարակումով կլուծենք այդ խնդրի շահարկման հարցը»,– պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, ինչպես նախորդ, այնպես էլ 2020թ. ավելացված արժեքի հարկը կազմել է ամենամեծ բաժինը Հայաստանի եկամուտների կառուցվածքում։ «ԱԱՀ-ից մուտքերը 2020թ. կազմել են մոտ 472 մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է հարկային մուտքերին, ապա մեծությամբ հաջորդը եկամտահարկն է, որից պետբյուջեն համալրվել է մոտ 412 մլրդ դրամով, ինչը կազմում է բոլոր հարկային մուտքերի մոտ 30 տոկոսը»,- պարզաբանեց Ջանջուղազյանը։

Նրա տեղեկացմամբ, շահութահարկի գծով մուտքերը եղել են 149 մլրդ դրամ, որը կազմում  է պետբյուջեի հարկային եկամուտների 11%-ը, իսկ ակցիզային հարկից ստացված մուտքերը կազմել են ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 8.9 %-ը՝ 124 մլրդ դրամ: