Փաշինյանին Փարիզում մերժել են․ նա ստիպված է եղել շրջել ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բողոքի ակցիաներով և կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Վառ օրինակը երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցածն էր, ինչը Փաշինյանին ստիպել է շրջել ոստիկանական մեծ թվով ուժերի ուղեկցությամբ:

Այնտեղի հայերը Փաշինյանին դիմավորել են «Կապիտուլյանտ» գրությամբ պաստառներով: Սակայն պարզվում է, որ Փաշինյանը մերժվել է նաև հայ համայնքի կողմից:

Մասնավորապես, Ֆրանսիայում Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանը հայ համայնքի անդամների հետ երկու ձևաչափով հանդիպում է առաջարկել, սակայն ե՛ւ նա, ե՛ւ այլ անձինք հրաժարվել են մասնակցել հանդիպումներին, և ավելին՝ աջակցել են բողոքի ակցիաներին:

«Նա ցանկանում է ցույց տալ, որ սփյուռքի հետ խնդիր չունի, և որ ինքը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա ցանկանում է այս հանգամանքները ընտրությունից առաջ ի նպաստ իրեն օգտագործել: Մենք չենք ցանկանում, որ լինի վարչապետ, որը մասնատում է սփյուռքը։ Մեր հույսն այն է, որ նա չվերընտրվի։ Լավ կլինի, որ ընտրվի հզոր մեկը, որ կկարողանա ճիշտ մշակել իր կապերը Հայաստանի ռազմավարական գործընկերների, օրինակ՝ Ռուսաստանի հետ»,- նշեց նա։

Ավելին, Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան կողմ էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հոկտեմբերին լիներ, սակայն Փաշինյանն այնքան պնդեց, որ Մակրոնը ստիպված ընդունեց։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցով գտնվում է եվրոպական քաղաքներում» ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։