ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել շտապ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրադրության վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ
Միացյալ նահանգներն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալման փաստով․

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ շտապ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, և հիշեցնում ենք բոլոր ձերբակալվածներին մարդասիրաբար վերաբերվելու՝ միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած իր պարտավորությունների մասին։

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ոչ գծանշված տարածքներում ցանկացած տեղաշարժ դիտարկում է սադրիչ և ավելորդ։ Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման համար ու կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չգծանշված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել այն դիրքերը, որ նրանք զբաղեցնում էին մայիսի 11-ին:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել այն դիրքերը, որ զբաղեցնում էին մայիսի 11-ին և ողջունում ենք այդ նպատակով հայտարարությունները: Այս գործողությունները կլիցքաթափեն լարվածությունը և կստեղծեն տարածություն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանը շտապ սահմանազատելու նպատակով»։

ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է նաև որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին, ապա նաև կոչ արել կողմերին՝ հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։