ԿԸՀ-ն չի ընդունել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի փաստաթղթերը ընտրական ցուցակում թեկնածուների թվի պակասի պատճառով․ AntiFake.am (լրացված)

AntiFake.am-ի տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական փաստաթղթերը՝ ընտրական ցուցակում թեկնածուների անհրաժեշտ քանակի պակասի պատճառով։

Դաշինքը ներկայացրել է 47 հոգանոց ցուցակ՝ առնվազն 80-ի փոխարեն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԿԸՀ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Փաստորեն Բաբաջանյանն ու Շիրինյանը համատեղ չեն կարողացել ընտրական ցուցակի համար պատգամավորական թեկնածուների անհրաժեշտ թիվ ապահովել։

 

ԼՐԱՑՈՒՄ․ Հոդվածը LIVEnews.am կայքում հրապարակվելուց հետո՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր սահմանված ժամկետում ներկայացրած 23 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ցուցակը։
Ավելի ուշ՝ մայիսի 29-ին, ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մայիսի 26-ին գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած քաղաքական ուժերին, այդ թվում նաև «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին, տրամադրել 48 ժամ՝ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում առկա բացթողումները շտկելու և փաստաթղթերը լրացնելու համար։
Ելնելով վերոնշյալ որոշումից՝ քաղաքական ուժերի գրանցման համար վերջնաժամկետ սահմանված օրը՝ մայիսի 31-ին գումարված արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները:
Այսպիսով, «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը , ի թիվս մյուս քաղաքական ուժերի, ԿԸՀ-ում գրանցվեց միայն մայիսի 31-ին՝ փաստաթղթային համապատասխան շտկումներից և լրացումներից հետո, ինչը հաստատում է մեր կողմից հրապարակած Antifake.am –ի լուրը այն մասին, որ դաշինքը չի գրանցվել մայիսի 26-ին: