Կրակոցներ Շենգավիթ համայնքում

«Շենգավիթ» ԲԿ-ից երեկ երեկոյան՝ ժամը 19:30-ին,  հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոց է արձակել երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Երիտասարդը տուժող է ճանաչվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում  տուժողին պատկանող ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ և արնանման հետքեր: Առգրավվել են տուժողի հագուստները և վերջինիս մարմնից հանված մետաղյա բեկորները։

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն: