ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի. ԵԽ պատգամավորը խոսել է Արցախի կարգավիճակի մասին

Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը:

Այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն ԵԽ լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

Նա նախ նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռու է կարգավորումից՝ նշելով, որ պատերազմը փառաբանվում և հայերի նկատմամբ ատելությունն արմատավորվում է Բաքվի, այսպես կոչված, «պուրակում»:

«Եվ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ անօրինական կերպով պահելով ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է: Բոլոր հայ գերիները՝ ռազմական, թե քաղաքացիական, որոնք գերեավարվել են պատերազմի ընթացքում, թե դրանից հետո, պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,- ասել է ԵԽ պատգամավորը:

Սոլեն հավելել է. «Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվի: Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը»: