Դավաճանի իշխանության ՊՆ կոչված կանտորան շարունակում է արծրունհովհաննիսյանական բնույթի տեղեկատվության հրապարակումը

Իսկ իրական վիճակը բոլորովին այլ է…

 

Դավաճանի իշխանության «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված կանտորան շարունակում է արծրունհովհաննիսյանական բնույթի տեղեկատվության հրապարակումը: Ստորև ներկայացնում ենք ՊՆ կոչվածն այսօր հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ , որում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում» (ընդգծումը` մերը)։

Բնականաբար, հարց է առաջանում` այդ որտե՞ղ են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խմբերը վերադարձել  իրենց ելման դիրքեր… Սյունիքո՞ւմ, Վարդենիսի տարածաշրջանում, Վերին Շորժայի մո՞տ կամ… Որոշակի որտե՞ղ… Այդ մի քանի խմբերը քանի՞ զինծառայողից են բաղկացած եղել… Ինչո՞ւ այս ամենի մասին նշված չէ ՊՆ կոչվածի մամուլի հաղորդագրությունում, եթե թշնամու զինծառայողների մի մասի վերադարձի վերաբերյալ գրվածը համապատասխանում է իրականությանը: Կարո՞ղ ենք այս ամենը նկատի ունենալով, կասկածել ՊՆ կոչվածի հաղորդագրության տվյալ հատվածին…

Եթե թշնամու զորախմբի մի մասի (անշուշտ, փոքր մասի, բացառված չէ ընդամենը 10-15 հոգու) ելման դիրքեր վերադառնալու մասին տեղեկատվությունը նույնիսկ համապատասխանում է իրականությանը, ապա ՊՆ կոչվածի հիշյա մամուլի հաղորդագրությունը, դատելով ամենից, կիսաճշմարտությունն է ներկայացնում, ինչը համարվում է կեղծիքի ամենանուրբ ու վտանգավոր տեսակը:

ՊՆ կոչվածն ինչո՞ւ է հայտնել թշնամու զորախմբի մի մասի` ելման դիրքեր վերադառնալու մասին, սակայն լռել, հանրությունից թաքցրել է, որ ադրբեջանական զորախումբը Գեղարքունիքի մարզում ոչ միայն չի նահանջել, այլև շարունակել է առաջ գալ: Փաստորեն արծրունհովհաննիսյանական ոճի աշխատանքը շարունակվում է, իսկ թե այդպիսով ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելն ինչ հետևանքներ ունեցավ 2020-ին, թերևս բոլորին է հայտնի, բացառությամբ զոմբիների…

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր հաստատել է «Փաստինֆո»  լրատվականի տեղեկությունները, որ հակառակորդն այս օրերին շարունակում է առաջ գալ ու նոր դիրքեր դնել։

«Երեկ ոչ մի քայլ էլ հետ չեն գնացել, մի բան էլ առաջ են եկել»,- ասել է նա և տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը, որ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, առաջ է եկել ևս մի քանի 100 մետրով։

«Այսօրվա դրությամբ որոշ չափի նորից առաջ են եկել՝ 200-300 մետր, բայց դե երևույթը էն է, որ իրենք կարողանում են՝ առաջ են գալիս,- ասել է Հակոբ Ավետյանը:- Հիմա դա շատ վատ է ու լարվածությունն էլ ավելի է ուժեղանում դրանով։ Չգիտեմ՝ ինչ հետեւանքների կհանգեցնի»:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հակոբ Ավետյանը նշել է. «Եվ երեկ, և այսօր նորից առաջխաղացում են ունեցել։ Վրաններ ունեն, դիրքեր։ Եկել են տեղակայվել են ամուր ձևի։ Իսկ երկու օրվա առաջխաղացումը մեծ չափի չի, ընդամենը 200 մետրի մասին է խոսքը։ Իրենց քանակը շատ անգամ գերազանցում է մերոնցից»։

Տեղեկացնելով, որ թշնամին Կութից մոտավորապես 4-5 կմ հեռավորության վրա է, համայնքի ղեկավարն ասել է նաև, որ տարածքում հայկական զորքը ևս կանգնած է, զորքի մեջ խուճապ չկա, պատրաստ է կռվել, պատրաստ են նաև գյուղի բնակիչները։

Կարելի է արձանագրել, որ շուրջ 5 օր տևած և երեկ ավարտված բանակցությունները , չնայած ՊՆ-ի լավատեսական հավաստմանը, թե ադրբեջանական զորքերը դուրս կբերվեն բոլոր ուղղություններից, փաստորեն արդյունք չեն տվել, հակառակը` իրավիճակը փոխվել է հօգուտ թշնամու: Գուցե ոմանք կարծեն, թե ՊՆ կոչվածը հավաստելով, թե ադրբեջանական զորքերը դուրս կբերվեն բոլոր ուղղություններից, նկատի է ունեցել ոչ թե Գեղարքունիքի, այլ Սյունիքի մարզը:

Ավելին. նիկոլազոմբիները գուցե փորձեն այդպիսով ՊՆ կոչվածի հայտարարությունն արդարացնել, իսկ մեզ քննադատել ու վարկաբեկել: Սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ բանակցությունների արդյունքում թշնամու զորախումբը կամ զորախմբերը Սև լճի տարածքից էլ դուրս չեն բերվել:

Ադրբեջանական զորքը թեև Սև լճի տարածքում մի քիչ պետք է ետ գնար, սակայն նշված պայմանավորվածությունը չի կատարել: Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, NEWS.am -ի հետ զրույցում հայտնել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ Նրա տեղեկացմամբ, իրավիճակն այնպիսինն է, ինչպիսին երեկ էր. բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքն այսպես թե այնպես պետք է մնար Սև լճի տարածքում, ուղղակի մի քիչ հետ պետք է գնար, ինչը չի եղել։

Վերոնշյալով փաստվում է, որ երեկ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՊՆ կոչվածի ներկայացուցչի հայտնածը, թե ադրբեջանական զորքերը դուրս կբերվեն բոլոր ուղղություններից, նույնպես կեղծ է, քանի որ Սև լճի տարածքում մի քիչ հետ գնալը, բայց, այդուհանդերձ, ՀՀ տարածքում մնալը բնավ չի նշանակում  բոլոր ուղղություններից ադրբեջանական զորքերի դուրս բերում:

NEWS.amի տեղեկացմամբ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանն այսօր ասել էր, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական ուժերը Սև լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր, և նրանք պայման են դրել, որ նույնքան (ոչ ավելի) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։

Մենուա Հովսեփյանը հիշյալ լրատվականի հետ զրույցում այս տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել։

«Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել, քանի որ բանակցային գործընթացն ընթացքի մեջ է»,- ասել է նա:

 

Արթուր Հովհաննիսյան