Պարոն մարզպետ, վստա՞հ եք, որ ձեր թիկունքում Սև լիճն է, վստա՞հ եք, որ Սև լճի մասին եք խոսում․․․

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոն մարզպետ, վստա՞հ եք, որ ձեր թիկունքում Սև լիճն է, վստա՞հ եք, որ Սև լճի մասին եք խոսում․․․»։

Ավելի վաղ լրատվամիջոցներն անդրադարձել էին  Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին, որտեղ վերջինս կրկին ստել է՝ հայտարարելով, թե Սև լիճը մեր վերահսկողության տակ է։

Հարց է առաջանում այդ ե՞րբ են ադրբեջանցիները հետ քաշվել Սյունիքից, եթե Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ իրավիճակի փոփոխություն չկա, բանակցություններն արդյունք չեն տվել:

Եվ եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, ինչո՞ւ է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին:

Հիշեցնենք, սա առաջին դեպքը չէ, երբ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը թշնամու շահն է սպասարկում: Ավելի վաղ նա ստել էր, թե իբր ադրբեջացիները մոլորվել են և միտումնավոր չեն ներխուժել Հայաստանի տարածք:

Ի դեպ, Հ1-ի ռեպորտաժում ներկայացված լճակը բավականին հեռու է Սև լճից, որը շարունակում է գտնվել թշնամու հսկողության տակ:

Նշենք, որ նույնկերպ հասարակությանը մանիպուլացրել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակելով ոչ թե Սև լճի, այլ դեպի Գորիս ընկած Սագի լճի հարակից փոքր լճակի մերձակայքից և ստելով, թե գտնվում է Սև լճի տարածքում։