Հայաստանին համերաշխություն հայտնած երկրները նորից կանեն դա, սակայն միայն ՀՀ-ն է, որ կարող է վերահսկողություն ապահովել նոր սահմանին․ Սիլաևը՝ Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական զորքի ներխուժման մասին

Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևի կարծիքով՝ Ադրբեջանը, օգտվելով առիթից, ցանկանում է վերահսկողության տակ առնել այն տարածքի մի մասը, որը վերահսկվում է Հայաստանի իշխանությունների կողմից: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներթափանցմանը և տեղակայմանը։

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը ցանկանում է իր համար ձեռք բերել առավել շահեկան սահմանագիծ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ ինչ կստանա ՀՀ-ը ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելով, ռուսաստանցի վերլուծաբանը նկատեց՝ ՀՀ կառավարությունն այդ քայլը արել է, որ ազատվի մեղադրանքներից առ այն, թե ինքը ոչ մի վճռական քայլ չի ձեռնարկում:

Թե ի՞նչ տպավորություն է ստանում ընդհանրապես ՀՀ իշխանությունների քայլերից և արդյո՞ք դրանք ադեկվատ են իրավիճակին, Սիլաևը պատասխանեց՝ դժվար է ասելը, քանի որ ամբողջությամբ հայտնի չէ, թե ինչ է ձեռնարկվում։ «Կարծում եմ, որ քայլերի միայն մի մասն է հրապարակավ հայտարարվում ՀՀ կառավարության կողմից»,- ասաց նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին առ այն, որ ներս են խուժել այլ երկրի տարածք և հարցին՝ ի՞նչ դեր կարող է խաղալ միջազգային հանրությունն այս գործընթացում, Նիկոլայ Սիլաևը նշեց՝ ենթադրում է, որ այն երկրները, որոնք սովորաբար համերաշխություն են հայտնում Հայաստանին, նորից կանեն դա:

«Սակայն միայն Հայաստանն է, որ կարող է վերահսկողություն ապահովել նոր սահմանին»,- եզրափակեց նա իր խոսքը։