Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի տասին ստորագրված հայտարարության, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են Ադրբեջանի տարածքում գտնվող դիրքերում, քանի որ եղանակային պայմանները արդեն բարենպաստ են: Խոսքը վերաբերվում է Հայաստանի հետ սահմանային գոտում, Լաչինի և Քելբաջարի շրջաններում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ և կլիմայական բարդ պայմաններ: Այդ պրոցեսը իրականացվում է սովորական ռեժիմով և սիստեմատիկորեն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադառնալով Հայաստանի հետ սահմանային իրավիճակին:  Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ասել է նաև, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղում բանակցում է հայ սահմանապահների հետ և համապատասխան քայլեր է ձեռնարկում իրավիճակի նորմալացման համար:

«Մենք խորհուրդ ենք տալիս հայ քաղաքական և ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել իրականությունը միջպետական սահմանային ռեժիմի առնչությամբ և իրավիճակը ռեգիոնում ավելի չխորացնել»,- ասված է գերատեսչության պարզաբանման մեջ: Միաժամանակ նաև Բաքվից հավելել են, որ նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմի զինվորականների` փոխադարձ շփումների միջոցով: Միաժամանակ նաև ասվում է, որ Բաքուն հավատարիմ է ռեգիոնում լարվածության կարգավորմանը: