Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Էր Ռիադի հետ կարգավորել հարաբերությունները, գրում է The Washington Post-ը։

«Մենք, միանշանակ, պատրաստ ենք և միշտ պատրաստ ենք եղել Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապեր հաստատելուն»,- Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Զարիֆը։

Իրանի ԱԳ Նախարարը նաև հույս է հայտնել, որ «երկու կողմերի միջև վերջին բանակցությունները տարածաշրջանում կհանգեցնեն ավելի հաստատուն կայունության»:

Բաղդադը վերջերս հաստատել է, որ անցյալ ամիս միջնորդ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև բանակցություններում՝ նշելով, որ կողմերը զրուցել են «մեկից ավելի անգամ»։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը երկրի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Էր Ռիադը Իրանի հետ լավ հարաբերություններ հաստատելու հույս ունի:

Նշենք, որ  երկու երկրների հարաբերությունները հատկապես վատթարացել են 2016 թվականին, երբ Էր Ռիադը խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Թեհրանում Սաուդյան դեսպանատան վրա ցուցարարների հարձակումից հետո: