Քարվաճառի հանձնումից հետո մարդիկ կանգնած են իրենց բիզնեսը վտանգելու կամ կորցնելու առջև․Թագուհի Թովմասյան

Ինձ տրված պաշտոնական տեղեկության համաձայն՝ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհահատվածի վրա գտնվող մի շարք օբյեկտների շրջանառությունը կրճատվել է 80 տոկոսով՝ դեղատուն, սննդի օբյեկտներ, բենզալցակայաններ, հյուրանոցներ, գազալցակայաններ, խանութներ և այլն։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ես կառավարությունկց ակնկալել էի որևէ տեսակի օժանդակություն բիզնեսի այդ ճյուղերին։ Քարվաճառի հանձնումից հետո, անկախ իրենց կամքից, մարդիկ կանգնած են իրենց բիզնեսը վտանգելու կամ կորցնելու առջև»,-ասաց նա՝ նշելով, որ խոսքը մի քանի հարյուր աշխատակցի մասին է, որ մնում են կամ արդեն մնացել են առանց աշխատանքի։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ արդեն նախանցյալ տարվանից սկսել են կարևոր ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը, և այս աշխատանքն այս տարի կավարտվի։

«Ես համոզված եմ նաև, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն այդտեղ, և շրջանառությունները ոչ միայն կվերականգնվեն, այլև կավելանան։ Իմ հրապարակած ճանապարահային քարտեզի շրւջանակներում քննարկումներ են արվում, այդ հարցը նույնպես քննարկելի է»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ այդպիսի իրավիճակների սուբյեկտիվ և օբյեկտի բնույթը պետք է խորն ուսումնասիրել և անել ուսումնասիրություններ։

Թագուհի Թովմասյանն արձագանքեց, որ այդ օբյեկտների մեծ մասը վարկերով են ձեռք բերվել կամ կառուցվել, քաղաքացիներն ունեն վարկային պարտավորություններ և չեն կարող երկար այս իրավիճակում մնալ։