Վերաբացվել է պատերազմի ժամանակ ռմբակոծված Մարտունու մարզադաշտը

Արցախի Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում ռմբակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի վերաբացումը նշանավորվել է ֆուտբոլի վետերանների Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղով, որը նվիրված էր հայ ժողովրդի հաղթանակներին և այդ հաղթանակները կերտած հերոսներին:

Պատերազմի հետևանքով վնասված Մարտունու մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները:

«Աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և  «Վարանդաշին» շինարարական կազմակերպության աջակցությամբ: Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի:Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,- ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը: