Այս փուլում 150 մարդու աշխատանքից ազատելը ոչ հումանիստական քայլ է․ Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ «Հայփոստ»-ի մի խումբ աշխատակիցների նկատմամբ անարդարություններ են տեղի ունենում։

«Ինձ են դիմել «Հայփոստ»-ի մի խումբ աշխատակիցներ, որոնց նկատմամբ անարդարություններ են տեղի ունենում։ «Հայփոստ»-ի մոտ 150 աշխատակիցներ, ըստ էության, առաջիկա օրերին զրկվելու են իրենց աշխատանքից, քանի որ իրենց նոր տնօրենը խաղի նոր կանոններ է թելադրում, նոր պահանջներ է ներկայացնում, և բազում տարիներ աշխատած, տարբեր պաշտոններ զբաղեցրած աշխատակիցները չեն կարողանում իրենց գործունեությունը շարունակել»,- նշեց պատգամավորը։

Պատճառը, պատգամավորի խոսքով, այն է, որ գիտելիքի ստուգումը և որակավորման քննությունը պատշաճ չի իրականացվել։

«Ինձ դիմողները պնդում են, որ իրենց հարցաշար չի տրամադրվել, իրենք տեղյակ չեն եղել թեմաներից, և այդպիսով քննությունից մեծապես կտրվել են մարդիկ։ Հատկապես միջին տարիքի կանայք նշում են, որ սա իրենց համար վերջին աշխատատեղն էր, որտեղ իրենք ամենադժվար պահերին էլ աշխատել են։ Ինձ դիմողները պատմեցին, որ քննության ժամանակ տնօրենը նստած է եղել պատուհանագոգին, և այդպես է անցկացրել քննությունը»,- ներկայացրեց նա։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ պետք է աշխատողներին հարցաշար տրամադրվի, նոր քննություն անցկացվի, որից հետո մարդիկ կկարողանան շարունակել իրենց գործունեությունը.

«Այս փուլում 150 մարդու աշխատանքից ազատելը ոչ հումանիստական քայլ է»։