Բացահայտվել են բավարար փաստեր՝ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցելու․ Գևորգ Գորգիսյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտարարություն է արել՝ ի պաշտպանություն ԳՇ պետ Արտակ Դավթյանի՝ անցնելով կոռեկտության սահմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակացության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Նշեմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մշտապես հատուկ հարգանքով և զգուշավորությամբ են արտահայտվում ՀՀ ԶՈՒ մասին, սակայն սույն անձնավորված հայտարարությունը ստիպում է ինձ տալ համապատասխան պատասխան:

Որպես ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ` պնդում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում բացահայտվել են բավարար փաստեր՝ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), իսկ որոշակի հանգամանքների բացահայտման դեպքում՝ 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով։

Նշածս փաստերին քաջատեղյակ են նաև հանձնաժողովում աշխատած իշխանական պատգամավորները, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ արտահայտվել է։ Բառացի մեջբերեմ. «Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է ունեցել 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ՝ որպես օպերատիվ վարչության պետ»: