Աննա Գրիգորյանը միանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը

«Քանի որ արդեն պարզ է` երկիրը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այո՛, ես ևս որոշել եմ շարունակել իմ քաղաքական ուղին, և այն շարունակելու եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով, այդ կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը, և ստեղծվել է անհրաժեշտաբար։

«Գործող իշխանությունն աչքաթող է արել Սյունիքը,- ասաց անկախ պատգամավորը։- Ստեղծվել է կուսակցություն, որի հիմքում Սյունիքի համայնքները շենացրած մարդիկ են։ Ի վերջո, ես ինձ ամուր եմ զգում մի կուսակցությունում, որտեղ մարդիկ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլև պատերազմի ընթացքում են ցույց տվել՝ ինչքան են սիրում իրենց երկիրը։ Մարդիկ մասնակցել են պատերազմի, վիրավորվել են։ Կարծում եմ, որ այս կուսակցությունը Սյունիքում ունի աջակցություն, բայց այդ աջակցության սահմանները տարածվելու են նաև մյուս մարզերում»,- ասաց Աննա Գրիգորյանը։