Հայաստանում էլ կարող է կրկնվել Հնդկաստանի մղձավանջը. զգուշացնում ենք նախապես, պահանջում խստորեն փակել ճանապարհները. 3
Սկիզբը` այստեղ
Փորձագետները մտածում ու կռահում են. ինչո՞ւ հենց 3-րդ ալիքն այդքան կործանարար ստացվեց: Շատերը հակված են կարծելու, որ մեղավորը հնդկական մուտացիայի վիրուսն է:
«Այն, ինչ կատարվում է Հնդկաստանում, շատերը կարծում են անոմալիա, և մտածում են, որ այդպիսին որևէ տեղ չի կրկնվի, բայց հիմա ես ձեզ օրինակներ կբերեմ հարևան երկրներից, և դուք կարող եք համոզվել, որ այն անոմալիա չէ,- իր հեռագրային ալիքում ասել է կենսատեխնոլոգ, մոլեկուլային կենսաբան Ալեքսանդր Կուդրյավցևը:- Ամբողջ Հարավարևելյան Ասիան ընկղմվում է նույն դժոխքի անդնդում, որն այժմ շարունակվում է Հնդկաստանում: Նեպալում և Թաիլանդում նոր հիվանդների աճի բնութագիրը սրընթաց ու սուր է, քան երկրորդ ալիքի ժամանակ արդեն մեզ ծանոթ կորոնավիրուսի նախորդ տարբերակի տարածման ընթացքում: Բացառություն չեն հարևան այլ երկրները, օրինակ, Շրի Լանկան»:
Ըստ փորձագետի, նոր սպառնալիքն ավելի վատն է, քան Ուհանի շտամը, և «Բոլոր հիմքերը կան կարծելու, որ Եվրոպային կործանարար ալիք է մոտենում Հնդկաստանից»:
Փրկությունը, Ալեքսանդր Կուդրյավցևի կարծիքով, կարող է լինել Հնդկաստանի հետ սահմանների կոշտ փակումը և սահմանափակումների (լոկդաունի) ներդրումը: Այս միջոցառումները հնարավորություն կտան հնարավորինս հետաձգել նոր ալիքի սկիզբը Ռուսաստանում, հակառակ դեպքում այն կգա 1-2 ամիս հետո:
Կենսաբանը հավաստում է, որ Հնդկաստանն այրվում է դիակեզման խարույկներում նոր գերհզոր VUI B.1.617 շտամի ի հայտ գալու պատճառով, ինչի մասին վկայում է բռնկման պայթյունային բնույթը: Ի՞նչ է հայտնի նոր շտամի մասին: Առաջին անգամ շտամն առանձնացվել է Հնդկաստանում, 2020թ. հոկտեմբերի 5-ին, և այժմ տարածվում է նաև այլ երկրներում: Այն հայտնաբերել են Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Բահրեյնում, Կանադայում, Չինաստանում:
Չինաստանի պետական CGTN հեռուստաալիքը վկայակոչելով ՉԺՀ գլխավոր համաճարակաբան Ու Ցզունյուի հայտարարությունը, ապրիլի 29-ին հայտնել է, որ երկրի մի քանի քաղաքներում հայտնաբերվել է կորոնավիրուսի մի շտամ, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում:
Ըստ գլխավոր համաճարակաբանի, վիրուսի նոր տարբերակի տարածումը դադարեցնելու համար անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Ու Ցզունյուն չի ասել, թե որ քաղաքներում է հայտնաբերվել հնդկական շտամը:
Գլխավոր համաճարակաբանը նշել է, որ նոր մուտացիաները կշարունակեն ի հայտ գալ, քանի դեռ կորոնավիրուսի համավարակը չի դադարել, և անհրաժեշտ են զսպման վճռական միջոցառումներ` նոր մուտացիաների առաջացումը և տարածումը կանգնեցնելու համար:
Հնդկական VUI B.1.617 շտամի առանցքային մուտացիաներն ապահովում են նրա ավելի հեշտ ներթափանցումը մարդու մարմնի բջիջների մեջ, իսկ E484Q մուտացիան թույլ է տալիս խուսափել հակամարմիններից: Մուտացիաներից յուրաքանչյուրն յառանձնահատուկ չէ նոր կորոնավիրուսին, սակայն երկուսն էլ միանգամից հանդիպում են միայն հնդկական շտամում, ինչի պատճառով այն ստացել է «կրկնակի մուտանտ» մականունը:
«Մոտավորապես այդպիսի իրավիճակ էր դիտարկվում նաև Բրազիլիայում. բրազիլական շտամը շրջանցեց իմունիտետը, ինչը հանգեցրեց մահացության աճի 30-40 տարեկանների խմբում և, ամենևին բացառված չէ, ունեցավ վարակի ուժեղացման արդյունք (կրկնակի վարակումն անցնում է ավելի ծանր, մահացու ելքի մեծ հավանականությամբ),- ասում է միկրոկենսաբան Նատալյա Նիկոլաևան:- Հաշվի առնելով անցած տարվա փորձը, անհարկի լավատեսական կլինի ենթադրելը, որ այդ մուտացիաները կդրսևորվեն ինչ-որ առանձին երկրների սահմանափակ տարածքում: Կան հաղորդումներ, որ Հնդկաստանում հիվանդանոցներ են ընկնում նաև COVID-19-ով մինչ այդ արդեն իսկ հիվանդացածները և ապաքինվածները, պատվաստվածները, որոնք, այնուամենայնիվ, վարակվել են»:
Նեպալում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակի սրընթաց վատացման վերաբերյալ Ալեքսանդր Կուդրյավցևի հայտնած տեղեկությունը, ինչպես պարզեցինք, միանգամայն համապատասխանում է իրականությանը: Նեպալի կառավարությունը նշված պատճառով մայիսի 3-ից կասեցրել է բոլոր ներքին ավիաթռիչքները, իսկ մայիսի 6-ից դադարեցվելու են նաև բոլոր միջազգային ավիահաղորդակցությունները:
Հնդկական շտամն արդեն ցույց է տալիս աճող վտանգը. հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացել է «կույր կետ», ինչի հետևանքով COVID-19-ով արդեն իսկ հիվանդացածների մոտ արտադրված հակամարմինները կապվում են և, որպես արդյունք, չեն չեզոքացնում կորոնավիրուսը:
«Մենք պետք է նույնքան կոշտ ու վճռական գործենք, որքան Չինաստանը: Հնդկաստանն օրինակն է այն բանի, թե ինչ կարող է պատահել, եթե մենք զգոն չլինենք»,- զգուշացնում է Ալեքսանդր Կուդրյավցևը:
Փորձագետները հիշեցնում են, որ դեռ մի քանի ամիս առաջ Հնդկաստանում ոչինչ չէր նախանշում ներկայիս ողբերգության մասին: Թվում է, թե երկիրը գլուխ էր հանում համավարակից: Այնուհետև մեկուսացման միջոցները թուլացվեցին, և դեպքերը չաճեցին, չնայած ալիքները գլորվում էին այլ երկրներում: Հանգստացնող թվերի պատճառով բնակչության զգոնությունը թուլացավ և մոռացան սոցիալական մեկուսացման և դիմակների մասին (նկատենք, որ Հայաստանում հիմա ճիշտ նույն վիճակն է): Եվ այդ ժամանակ իրավիճակը սկսեց կտրուկ վատթարանալ:
Որոշ փորձագետներ զուգահեռներ են անցկացնում Ռուսաստանի հետ, որտեղ ներկայումս նույնպես կարծես թե հանգիստ իրավիճակ, թեև դեպքերի փոքր, բայց անընդհատ աճ գրանցվում է մարտի սկզբից: Արդյոք Ռուսաստանում կլինի՞ այն նույնը, ինչ որ Հնդկաստանում, հնարավո՞ր է հնդկական սցենարը Ռուսաստանում:
«Դա կախված է նրանից, թե ժամանակ կունենա՞ VUI B.1.617- ը նշանակալի տարածում ստանալու այս ալիքում և որքան հաճախ այն վերավարակում կտա»,- կարծում է Նատալյա Նիկոլաևան:
Եվ, չնայած մասնագետները դեռ ցանկանում են հավատալ, որ ներկայիս համավարակը կանցնի հայտնի իսպանկայի` իսպանական գրիպի սցենարով (երեք ալիքով), վերջին շրջանում նրանք ավելի ու ավելի շատ կասկածներ ունեն: Մարդկությունն առաջին անգամ է բախվել կորոնավիրուսի համավարակի հետ, նոր շտամների սպասվող թուլացումը, որքան էլ ցանկալի է, տեղի չի ունենում, շատ կանխատեսումներ, պարզվում է, իրականություն չեն դարձել:
Եվ եթե վիրուսը որոշի երկար մնալ մեզ հետ և շարունակի արագորեն մուտացիայի ենթարկվել՝ պահպանելով իր գերպատոգեն ներուժը, յուրաքանչյուր նոր վերահաս խոշոր ալիք մեզ կթվա իններորդ ալիք:
«Այն ժամանակ աշխարհը, որը, ինչպես բոլորս հույս ունենք, կդառնա ուրիշ մի քանի տարուց, կմնա այսպիսին դեռ երկար»,- ասել է սրտվիրաբույժ Ալեքսեյ Ֆյոդորովը:
Այսպիսին կմնա՞, թե կդառնա ավելի վատը… Ի դեպ, «Роспотребнадзор»-ի ղեկավար Աննա Պոպովայի կարծիքով, հնարավոր է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդանա նույնիսկ մինչև աշուն:
Վերջին կես տարում աշխարհում տարածվել են կորոնավիրուսի նոր տարբերակներ, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում: Ինչպես և հնդկական շտամը, կորոնավիրուսի բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները, ի համեմատ վիրուսի սկզբնական բազմատեսակության, բնութագրվում են բարձր վարակելիությամբ, ինչպես նաև երեխաների, դեռահասների, երիտասարդների զանգվածային ախտահարմամբ, ընդ որում, նաև մահացու ելքով, սակայն բժիշկների կարծիքով, դրանք չեն բնութագրվում հիվանդության ավելի բարդ ընթացքով: Վերջինը միգուցե դժվար է ասել կորոնավիրուսի հնդկական շտամի կամ շտամների առնչությամբ:
Օրերս «Reuters»-ի հաղորդումից հայտնի դարձավ, որ գիտնականները Հնդկաստանի կառավարական կառույցներին նախապես տեղեկացրել են նոր կորոնավիրուսի (SARS-CoV-2) նոր շտամից բխող վտանգի, մասնավորապես` բարձր վարակելիության, ինչպես նաև համապատասխան գործողությունների անհրաժեշտության մասին, սակայն իշխանությունները չեն արձագանքել նախազգուշացմանը:
Արթուր Հովհաննիսյան