Բայդենը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման նախագծերը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման նախագծերը, որոնց համար օգտագործվել են Պենտագոնի միջոցները․ այժմ այդ միջոցների մի մասը կօգտագործվի պատի կառուցումից բնապահպանական վնասի դեմ պայքարելու համար, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Ջամալ Բրաունը, հաղորդում է The Washington Post-ը։

«Նախագահի հրամանագրի համաձայն՝ դադարեցվում է սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացումը։ Այսօր պաշտպանության նախարարությունը կսկսի չեղյալ հայտարարել պատի կառուցման բոլոր նախագծերը»,- նշել է Բրաունը։

2019 թվականի փետրվարի 15-ին ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիր էր ստորագրել։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանման գլխավոր պատճառներից մեկը առանց Կոնգրեսի հավանության ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցման ֆինանսավորման համար միջոցներ ստանալու անհրաժեշտությունն էր։

Բայդենն այս տարվա հունվարին երդմնակալությունից անմիջապես հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ մեղմացրել Է երկրի միգրացիոն օրենսդրությունը: Նախագահի պաշտոնում վերջինիս առաջին հրահանգներից մեկը եղել է ամերիկա-մեքսիկական սահմանին տիրող իրավիճակի պատճառով Թրամփի սահմանած արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը: Այս ռեժիմը թույլ էր տալիս ֆինանսավորել պատի կառուցումը՝ շրջանցելով ԱՄՆ-ի Կոնգրեսը։