Կառավարությունն առաջարկում է թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը

Այսօր կառավարությունն ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրեց, որ նախագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է նախատեսել հետևյալ կարգավորումները։

Առաջին՝ սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը ՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Երկրորդ․ նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը, երրորդ․ նախագծով նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում: Չորրորդ․ նախագծով հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ, և հինգերորդ․ նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում,  լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ անցած տարի այդ բնույթի մի քրեական գործ է եղել և այդ քրեական գործի քննության արդյունքում բավականին բարդությունների են հանդիպել՝ պայմանավորված պարունակության, թմրանյութի առկայության վերահսկողության հետ: «Ինձ հետաքրքրում է՝ կարգավորումների ընթացքում առաջացած խնդիրները նախագիծը մշակողներին հայտնի եղե՞լ են և հաշվի առե՞լ են»,-հարցրեց բա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշակի պրոցեսների տեղյակ եղել են: «Այն խնդիրները, որոնք բարձրաձայնում եք, արդեն ենթաօրենսդրական ակտերի միջոցով պետք է անդրադառնանք»,-ասաց նա և նշեց, որ խոսքը փակ տարածքներում հստակ մոդուլավորված արտադրությունների թույլտվության մասին է, որոնք որոշակի ստանդարտների համապատասխանում են: