ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Շիրակի ֆերմերները» պտղատու այգիներ են հիմնում Շիրակի մարզի համայնքներում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում, գործընկերությամբ Շիրակի ֆերմերներ հասարակական կազմակերպության՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի դպրոցի տարածքում հիմնվեց պտղատու ինտենսիվ այգի: Ծրագրի միջոցներով տրամադրել է 460 իտալական բարձրորակ և կլիմային համապատասխանեցված խնձորի և սալորի ինտենսիվ տնկիներ, կառուցվել կարկտապաշտպան ցանց, անցկացվել կաթիլային ոռոգման համակարգ: Ներկրվել է նաև բարձրորակ հումուս՝ ծառերի կպչողականությունն ու արագ աճը ապահովելու նպատակով:

Հողի նախապատրաստության և այգու տարածքի ցանկապատումը իրականացվելու է Հոռոմի համայնքապետարանի և դպրոցի ուժերով:

«Դպրոցամերձ այգիների նպատակը դպրոցի երեխաների սնունդը ավելի բազմազան և լիարժեք դարձնելն է, այն նաև լրացուցիչ եկամուտներ կապահովի՝ դպրոցի այլ կարիքներ հոգալու համար: Կկազմակերպվեն հատուկ դասընթացներ՝ դպրոցի երեխաներին և համայնքի անդամներին ծանոթացնելու գյուղատնտեսական բարձր տեխնոլոգիաներին»,- ասում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Սննդի արժեշղթաների ծրագրի համակարգող Վահան Առաքելյանը:

Այգու առաջին ցիկլի մշակությունը և խնամքը կիրականացվի «Շիրակի ֆերմերներ» հասարակական կազմակերպության անմիջական հսկողությամբ և մասնակցությամբ, որի ընթացքում դպրոցի անձնակազմը ձեռք կբերի անհրաժեշտ փորձառություն՝ հաջորդ տարիներին այգու մշակությունը ինքնուրույն կազմակերպելու համար: Այգու հիմնումը գտնվում է ՀԿ նախագահ Հունան Պետրոսյանի անմիջական ուշադրության կենտրոնում:

Դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը համագյուղացիների հետ մեծ ոգևորությամբ է մասնակցում ծառատունկին. «Այգին կպահենք ու պահպանենք աչքի լույսի պես, այն խիստ կարևոր նշանակություն ունի թե՛ երեխաների բարոյահոգեբանական զարգացման, թե, ինչու չէ, նաև դպրոցի բազմաթիվ կարիքները հոգալու գործում: Հարկ եմ համարում նշել նաև, որ ծրագրի շրջանակներում տեղադրվում է նաև արևային կայան, որը կփակի դպրոցի բոլոր էներգետիկ ծախսերը, խնայված գումարները ևս կուղղվեն դպրոցի այլ խնդիրների լուծմանը»,- ասում է նա:

Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, պտղատու և հատապտղային այգիներ կհիմնվեն մարզի այլ դպրոցներում։

Աննման Մինասյան