Էրդողանն արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց հետնորդներին:

«Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ համարվել ամբողջ մարդկության համար: Հարգում եմ Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին», – ասվում է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղված Էրդողանի ուղերձում:

Նա նշել է, որ 1915-ի իրադարձությունները քաղաքականացնելու և դրանք Անկարայի վրա ճնշման գործիք դարձնելու որոշակի շրջանակների փորձերն օգուտ չեն բերի. նա կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք պատրաստակամություն ենք հայտնել զարգացնել կապերը Հայաստանի հետ: Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները պաշտոնապես ճանաչել է որպես Ցեղասպանություն: