Գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան

«Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու։ Գիտակցում եմ, որ այդպես է լինելու, և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 21-ին իր աջակիցների հետ կայացած հանդիպմանը։

Նրա խոսքով, ընտրությունները լինելու են երկբևեռ։

«Եվ այն քարոզչությունը, որն անում է իշխանությունն իմ դեմ կամ հնարավոր այն դաշինքի դեմ, որը ես եմ գլխավորելու, աջակցում է ու աջակցելու է այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտեմ՝ շատերի մոտ այնպիսի կարծիք կա, որ նրանք արդեն քարոզարշավ են սկսել, մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հարազարավոր հարցեր ունենալով՝ զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ։ Այդպես չի լինելու, մենք գիտենք, ոնց ենք սկսելու, երբ ենք սկսելու, ինչ ուժերով։ Այս հարցում ուղղակի վստահեք ինձ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև՝ մենք ուզո՞ւմ ենք ստորացված, պարտված, անարժանապատիվ, թշվառ ապագա, թե մենք ուզում ենք խաղաղություն ու բարեկեցիկ կյանք։

«Սա է լինելու ընտրությունը։ Եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ կյանք, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով, որ անելիքները շատ-շատ են։

Նրա խոսքով, երկրում տնտեսական վիճակը շատ վատ է, պատերազմի, կորոնավիրուսի հետևանքով հազարավոր մահեր են գրանցվում, ավտովթարների հետևանքով ռեկորդային թվով մարդիկ են մահացել։

«Այս իշխանությունն ուղղակի մահ է բերում ամեն քայլափոխի։ Ու ամեն ինչին վերաբերում են այսպես՝ դե մենք ի՞նչ անենք։  Պատերազմում պարզվում է՝ մոդերատոր են, Քովիդի դեպքում ասելու են՝ հո մենք բժիշկ չե՞նք։ Բժիշկը կյանքեր է փրկում, բայց նա պանդեմիայի դեմ չի պայքարում, պանդեմիայի դեմ պայքարում է պետությունը։ Հիմա վաղը ասելու է՝ ավտովթարներից էդքան զոհեր են եղել, բայց ես հո գայիշնիկ չեմ։ Բայց ՃՈ-ն պետական համակարգի մի մասն է։ Եթե այդ համակարգը չի աշխատում, ուրեմն բոլոր օղակները չեն աշխատում»,- մանրամասնեց Քոչարյանը։

Նա զավեշտալի է համարում Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը պատերազմի ընթացքում ուղղակի մոդերատոր էր։

«Պատասխանատվությունից խուսափող իշխանությունը օր առաջ պետք է զրկվի իշխանությունից։ Իշխանության գլխավոր ֆունկցիան որոշում կայացնելն ու այն իրականացնելն է, ինչպես նաև այդ որոշումների համար պատասխանտվություն կրելը։ Երբ իշխանությունն ասում է՝ ես ի՞նչ անեի, կամ մոդերատոր էի, նա այլևս իշխանություն չէ։ Նման իշխանության հետ հույսեր կապելն այլևս անիմաստ է»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ամփոփելով հանդիպումը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար։ Եվ ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, այլև՝ բարեկեցիկ կյանք։ Իմ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին, և սա փաստ է»։