Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ այո՛, վաղը նաև այրվելու է Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը․ Սարկիսով

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ…

Յուրաքանչյուր պատվախնդիր, արժանապատիվ քաղաքացի, մարդ պարտավոր է «հիշե՛լ, պահանջե՛լ և դատապարտե՛լ» Օտտոմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանություն, որը հստակ ծրագրված էր, նախանշված էին իրակացման պատասխանատու-բարձրաստիճան երիտթուրքերը։

Հաշվի առնելով «խաղաղասեր» իշխանությունների վարած ազգակործան քաղաքականությունը, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից հնարավոր հրաժարումը՝ մեզ մնում է մի բան։

Վաղը մեզ շրջապատող մարդկանց հետ միասին Երևանի Ազատության հրապարակում միանալ «Ջահերով երթին»՝ ցույց տալով մեր անհանդուրժողականությունը՝ սպասվող թուրքական էքսպանսիային, հավատարմությունը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, որ մենք հիշում և դատապարտում ենք, ինչպես նաև պահանջում ենք վերականգնել պատմական անարդարությունը՝ հանդեպ մեր ազգի, Պետության ու Պետականության։

Լռությունը հավասարազոր է մեղսակցության։ Եթե լռում եք, ուրեմն մեղսակից եք։

Այո՛, վաղը նաև այրվելու է Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը, որը ի հեճուկս հայտնի շրջանակների տառացիորեն տեղավորվում է Սահմանադրությամբ երաշխավորված «Կարծիքի արտահայտման ազատության իրավունքի» բովանդակության և ոգու մեջ։

Ես վաղը միանալու եմ Երթին, ինչպես միանում եմ արդեն շատ երկար ժամանակ։ Միանալու եմ ընկերներիս, մարտական ընկերներիս հետ։

 

Արցախյան պատերազմների մասնակից Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։