Այսօր պետք է ձերբակալվի Փաշինյանը՝ նախ որպես անկարգությունների գլխավոր սադրիչ, այնուհետև՝ որպես անկախ համարվող իրավապահ մարմինների գործունեությանն ապօրինի միջամտող. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետարանում անցկացված խորհրդաժողովին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ուղղված ուժային և իրավապահ մարմիններին․

«ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 1-ին մասի «Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը»: 4-րդ մասով սահմանվում է, որ Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա, իսկ 5-րդ մասը՝ Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում սահմանվում է, որ 1. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար, 2. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանվում է, որ Դատախազն իրավունք չունի կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա քաղաքական չեզոքությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին։ Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է:

Երբ այս սահմանադրական և օրենսդրական նորմերը համադրում ենք ՀՀ Սյունիքի մարզպետարանում ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ Սյունիքի մարզային դատախազին, Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետին և այլ իրավապահներին տրված հանձնարարականների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ այսօր պետք է ձերբակալվի Նիկոլ Փաշինյանը՝ նախ որպես անկարգությունների գլխավոր սադրիչ, այնուհետև, որպես անկախ համարվող իրավապահ մարմինների գործունեությանն ապօրինի միջամտող»:

Հիշեցնենք՝ այսօր Սյունիքի մարզում այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել, որպեսզի Փաշինյանը կարողանա այց կատարել համայքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկոլ դավաճան, թուրք և հողատու» հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը վերոնշյալ խորհրդակցության ընթացքում մասնավորապես նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպինş  հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: