Աշխատանքից ազատվելուց հետո Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ՀՀ ԱԱԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, այս մասին նա ասաց Tert.am–ի հետ զրույցում։
«Կգնամ ու կտեսնեմ ինչու են հրավիրել»,–ասաց նա։
Նշենք, որ Բորիս Ավագյանի կողմից այսօր տրված մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
«Խնդրել են մոտենալ զրուցելու, կմոտենամ կզրուցեմ, հիմա գնում եմ այնտեղ։ Ես չէի սպասել ազատմանը, դա անակնկալ էր ինձ համար։ Ես չգիտեմ ինչն էր խնդրահարույց, ազատման հրամանին դեռևս չեմ ծանոթացել»,–ասաց նա և նշեց, որ երբ ԱԺ պատգամավորների հետ հանդիպել է, այդ ժամանակ իր պաշտոնին էր։
«Ես կարծում եմ, որ եթե Արցախ Հանրապետության նախագահը գտնում է, որ իմ ծառայությունների կարիքը չունի Հանրապետությունը, ես ոչ մի խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Ես դեռ պետք է հրամանին ծանոթանում»,– ասաց նա և նշեց, որ իր հայտարարությունում, փաստորեն, բավարար հիմքեր կային քրեական գործի հարուցման համար։