ԱՄՆ-ը սատարում է Չեխիային. Պետքարտուղարությունը` 18 ռուս դիվանագետի արտաքսման որոշման մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունն աջակցել է Չեխիային՝ «Ռուսաստանի սադրիչ գործողություններին իր վճռական պատասխանի» հարցում: Այսպես են Վաշինգտոնում մեկնաբանել Չեխիայի իշխանությունների` 18 ռուս դիվանագետի արտաքսելու մասին որոշումը:

«ԱՄՆ-ն աջակցում է Չեխիային Ռուսաստանի սադրիչ գործողություններին վերջինիս վճռական պատասխանի հարցում: Մենք պետք է վճռական գործենք` ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք վտանգի տակ են դնում մեր դաշնակիցների և գործընկերների տարածքային ամբողջականությունը, էներգետիկ անվտանգությունը կամ կենսական կարևոր ենթակառուցվածքները»,- թվիթերյան իր էջում գրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշատոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:

Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:

ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: