ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի ՌԴ սուվերեն պարտքի նկատմամբ. NYT

ԱՄՆ նոր պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի սուվերեն պարտքի վրա, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ բանկերի համար կընդլայնվեն Ռուսաստանի պետական պարտքի առևտրային օպերացիների ընթացիկ արգելքները:

Թերթի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համապատասխան հրամանագիր կարձակի, հաղորդում է «Գազետա»-ն:

Հունիսի 14-ից ԱՄՆ ֆինանսական հաստատություններին կարգելվի Ռուսաստանի Կենտրոնական բանկից, ֆիննախից և Ազգային բարեկեցության հիմնադրամից պետական պարտատոմսեր գնել:

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ կապված այն բանի հետ, որ Մոսկվան, իբր, ներգրավված է SolarWinds-ի միջոցով կիբերհարձակումների մեջ և փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Պատժամիջոցների ցուցակում մեկ տասնյակից ավելի ռուսաստանցիներ կներառվեն, ինչպես նաև շուրջ 20 իրավաբանական անձ: Բացի դրանից, գործակալությունը նշել է, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են Միացյալ Նահանգներից վտարել տասը ռուս պաշտոնյայի և դիվանագետների: