«…Խմբապետ Կոստան, Նիկոլի բոստան»

Մի քանի օր է՝ տանջում է հարցը. ինչպես պատահեց, որ պրոֆեսիոնալ պայքարի առաջնագծում եղող 17 քաղաքական ուժերը չկարողացան լիարժեքորեն փակել ԱԺ մուտքերը, ինչպես հաջողվեց ու կարողացան անհայտ կորած զինվորների հարազատները… ձգենք պաուզան`17-ին ու անհայտ կորածի հարազատներին հարցնելու. Ինչո՞ւ եք ՊՆ շենքի և կամ ԱԺ մուտքերը փակում, երբ  «գերագույն  գլխավոր հրամանատարը»՝ այս բոլորի իրական «ալֆան և օմեգան», շարժիչ միակ գործոնը նստած է կառավարության շենքում, որն ունի ընդամենը երկու մուտք, և այն շղթայազերծելու համար մեծ ջանք պետք չէ, եթե իսկապես նպատակը իրական պայքարն է… հասկանալի է` Ռուսաստանը չէր ուզում:

Անցնենք տանջող հարցադրման պատասխանին. միամիտ չլինենք. ՊՆ շենքի շղթայումը մոդերատոր ուներ. ո՞վ էր նա. հայաստանյան ուժե՞ր, ռուսաստանյան հետաքրքրություննե՞ր, թավի՞շ` թուրք-սորոսա-արևմտյան պասաժով` ուկրաինական զարգացումների ֆոնին: Չմոռանանք. այդ օրը երեկոյան ինքնաթիռը պետք է գերիներ բերեր Ադրբեջանից, և Մոսկովից վերադարձած կապիտուլյանտ Նիկոլը դա լավ գիտեր:

Բոլոր դեպքերում խիստ բազմակոնտուր խաղ ընթացավ. թիվ-2 կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը Ղարաբաղից եկավ, նստեց թիվ-1-ի կողքին, առաջին անգամ երկուսով «խոսեցին» Արցախի կարգավիճակի մասին, իհարկե` ռուսական ցուցումով. Պուտինից հաստատապես հանձնարարական կար այդ մասին խոսելու:

Նպատա՞կը. Ադրբեջանին ցուցանելու, որ Ռուսաստանի դեմ Էրդողանի սկսած խաղը Զելենսկու և նրան տրամադրվելիք բայրաքթարների, իսկ իրականում` ռուս խաղաղապահների դեմ սկսած այս դե-մարշն ամենևին Ռուսաստանի սրտով չէ:

Որին ի դեպ մասնակցում է` փեշը խիստ մտածված Պուտինենց աթոռին գցած Նիկոլի «բոստանը»: Այո, պարոնայք, դա ամենևին էլ փնթիություն չէր, դա մասոնական ժեստ էր` ցուցանելու մեծն Պուտինին, որ գլոբալիստական իր փեշը նաև այլոց տակ է, և ինքը կարող է իրեն թույլ տալ` այդպես նստել Պուտինի առջև, ինչը Պուտինը շատ լավ հասկացել էր, և ինչն ահավոր ակնհայտ էր վերջինիս ոտքերի խիստ անհանգիստ սուբլիմացիոն տարուբերումից: Իսկ սեղանին դրված միստիկ արխիդեաները, որոնք պետք է դիմացինի չար, գաղտնի մտադրությունները ցրեին, կարծես չծառայեցին իրենց նպատակին, որովհետև հայոց իշխանությունները «փեշից» հետո` հաջորդ օրն արեցին իրենց երկրորդ «խոդը». հայտարարեցին, որ Ռուսաստանը` Մուրադովը, գերիներ է բերում ինքնաթիռով Ադրբեջանից, ցուցանելու Ալիև-Էրդողան զույգի կողմից Ռուսաստանի, այն է` Պուտինի հետ պայմանավորվածությունների զրոյականությունը, Պուտինի խաղից դուրս թողնելու սամադխին… Մուրադովը եկավ մեն-մենակ, բայց և չերկնչեց դուռը շրխացնել Նիկոլի քթին. «մոլորեցնող խաբեբա» անվանելով նրան` սկզբի համար:

Չնայած, որպես երկրորդ քայլ, անհայտ կորածների ծնողներն արդեն փակել էին ՊՆ շենքի մուտքերը, այն է` Նիկոլ կոչվածին ցուցանել էին, եթե ռուս խաղաղապահների  մասով փորձելու ես միանալ Էրդողան-Ալիև-Արևմուտք եռյակին, սեփական բանակդ կմնա «շղթաներով» բանտարկված, հարկավոր-սպասվող ագրեսիայի դեմ: Իսկ որ ամենակարևորն էր` ՊՆ-ը շղթայելու ընդունակ` արդեն իսկ խելագարության դուռը հասած անհայտ կորածների ծնողները հարկավոր պահին, ընդունակ կլինեն շղթայել նաև կառավարության շենքը…

-Տասովչիկ,- դուրս թռավ Նիկոլի բերանից Մուրադովի, այն է` Ռուսաստանի, այն է Պուտինի հասցեին (բա էլ ուրիշ ինչ կերպ, եթե նման բառեր արտազատող  իշխանական` Ավանի փոխթաղապետ պաշտոնյան վայրկյանների ընթացքում պաշտոնից չի ազատվում):

Բազմակոնտուր խաղը էլ ավելի թեժացավ, երբ Թուրքիայի կողմերում հայտնվեց Բայդենից ինդուլգենցիա մուրացող Զելենսկին` ՆԱՏՕ-ական Թուրքիային ներքաշելու դոնբասյան կոնֆլիկտի, «ա լյա Ղարաբաղ»` դեպ Ղրիմ մարտի մեջ: էրդողանն այդքան միամիտ չէ, որպեսզի հանուն Ուկրիաինայի՝ մտնի ուղղագիծ խաղի մեջ, սակայն իր փեսայի անունով անվանակոչված բայրաքթարները կվաճառի հանուն Բայդենի և նրա «անառակ որդի» Հանտրի համար պայքարի ելած կոմեդիանտ Զելենսկուն:

Ինչն ուղղակի շարժել է ռուսական մեծապետական նյարդը. որն ի դեմս ոչ անհայտ Տարասովի, ոչ մեկ, ոչ երկուս, վերցրեց ու շպրտեց խաղի կողմերի երեսին. Ռուսաստանի համար թուրքական բայրաքթարները ոչնչացնելը «սեմուշկա չրթելու» (դե` մոտավորապես) պես մի բան է, Հայաստանն ուներ զենք՝ բայրաքթարները ոչնչացնելու, բայց չարեց (ևս մեկ արգումենտ Նիկոլի դավաճանության,- հեղ): Ավելի առաջ գնալով էլ Տարասովն ասաց. երբ Շուշիի գրավման ժամանակ այդ զենքը կիրառվեց, քսան բայրաքթար միանգամից ոչնչացվեց… էստեղ պաուզան մի հատ էլ ձգենք՝ արձանագրելու. Ռուսաստանին ձեռնտու էր, ըստ երևույթին, որ հատկապես Շուշիիում Իսկանդեր ու «Կրասնուխա» կիրառվեր, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան ուշքի գային, որովհետև Շուշիի գրավումից հետո դե-մարշի դուրս եկած Թուրքիան կլուծեր նաև Ստեփանակերտի հարցը, իսկ այդ ժամանակ Ռուսաստանը չէր կարող  իր խաղաղապահները մտցնել Ղարաբաղ, խաղի միանշանակ տերը կլիներ Թուրքիան, ինչը նախ` անհնար, և ապա`խաղի պարամետրերից դուրս էր: Ինչևէ:

Միով բանիվ. մեծ ու խառնիճաղանջ գեոպարտիան այս պահին բաց է: Զարգացումներն  Ուկրաինայում, Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման սպասման ակորդը, Նիկոլի սպասվող հրաժարականը, Ռուսաստանի կողմից Մուրադովի՝ Քոչարյանի կողմնակցի հետ ճաշի ֆակտորը (որն ազդանշան էր` միանձնյա ֆավորիտ կարող է դառնալ Քոչարյանը, եթե Նիկոլը շարունակի խաղերի իր ամպլիտուդը) շատ բան կորոշեն առաջիկայում… պետք է սպասել:

Սակայն մեկ այլ հանգամանքի հենց «հիմա և այստեղ» պետք է անդրադառնալ` մեկ տողով:

Այո, Ծառուկյանենց «դարի հարսանիքին». աներկբա արձանագրելու. Ծառուկյանին այս անգամ բամփեցին լիարժեք, հիմնավոր ու վերջնականապես: Հասկացա՞վ նա դա, թե` ոչ. էական ու այլևս կարևոր չէ:

Փաստը միակն է` Ծառուկյանն այդ հարսանիքից դուրս եկավ` քաղաքականաթափ. նա այլևս ընտրությունների ֆավորիտ չէ. նա չի ստանալու այն սերը, որն ստացավ իր մանկության ընկերուհի Ինգա Զայոնցը (անգամ մեծ, շատ մեծ փողի բաժանման պարագայում, իսկ նա չի կարող այնքան փող բաժանել, որքան Թուրքիան, ՄԻ-6-ը, ՑՌՈՒ-ն, Մոսադը, Սորոսը):

Ասել է` խիստ սահուն ու մոդերացված`ապագա  պառլամենտում օլիգարխ է փոխվում, ճիշտ է, «օբշակը»` «մահճակալը» նույնն է, սակայն բարձը մեկն է. գեոքաղաքականությունը Խաչատուր Սուքիասյանի համար այլ խաղարկման դաշտում է:

Չէ, մենք չենք ընկնում դավադրությունների տեսության գիրկը, թե Ծառուկյանն այդ ինչ առաձնապես «խոր» բիզնեսներ ունի, որ այդքան շքեղ է ստացվում նրա առյուծ ու հարսանիք սիրող կյանքը, ու որ այդ բիզնեսն է, որ Նիկոլը, վերը թվարկված ուժերի շնորհիվ կարող է փոխանցել Խաչատուր Սուքիասյանին (չնայած արաբական շեյխերի կենդանի ներկայությանը ծաղկաշատ հարսանիքին), այնուհանդերձ, խաղը շատ պարզ է…

Այս հարսանիքով խիստ գիտակցված էներգաթափվեց, էլեկտորաթափվեց Ծառուկյանը, և նա ապագա պառլամենտում անելիք չունի ոչ որպես քաղաքական ֆիգուր, ոչ որպես ռուսական մանրիկ բալաստ, նրան այլևս կփոխարինի Խաչատուր Սուքիասյանը, որը կոալիցիա կկազմի Նիկոլի հետ, կունենան իրենց «չոտկի»-ձայնաշատ վարչապետը, սկզբում անշուշտ Նիկոլի «տեսքով», հետո… կերևա… Էդմոնն էլ կլինի կլասիկ-նիկոլազավր ընդդիմություն:

Իսկ Քոչարյանին կմնա «պամաշատь ռուկոյ» այդ կոնգլոմերատին, եթե Ռուսաստանը շատ արագ չկարողանա վերադասավորվել խաղի այս բարդ փուլում, հասկանալու՝ քարտ-բլանշ է տալիս «խմբապետ Կոստանի՞ն, թե Նիկոլի բոստանին»:

Կարմեն Դավթյան