Հանձնաժողովի աշխատանքից ուզում էին ստանալ Սերժ Սարգսյանի՝ ձախողված առաջնորդի կերպարը, որը չկարողացան. Գորգիսյան

Անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջնական զեկույցին, և դրա տակ ԼՀԿ-ի ստորագրության բացակայությանը՝ Գևորգ Գորգիսյանը ասաց, որ այդ զեկույցը «կապիտուլյացիոն» փաստաթղթի ստորագրումից հետո է ուղարկվել ԱԺ նախագահին, իսկ այդ ժամանակ երկրում քաղաքական խոր ճգնաժամ էր, ուստի իրենք չեն հասցրել ծանոթանալ զեկույցին և միանալ դրան։

«Այսօր դեռ չի հրապարակվել այդ զեկույցը, և դա արվել է իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Քանի որ այդտեղ կան խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չեն շտկվել մինչև 2020 թվականը, և հետո, վերջին պատերազմում իրենց ձախողումներն ու կորուստները անհամեմատելի են 2016-ի ապրիլյան պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Եվ այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքից հետո, Սերժ Սարգսյանի ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, որն իրենք, փաստորեն, չկարողացան ստանալ, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են»,- ընդգծեց Գևորգ Գորգիսյանը։