Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 18)

 

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից ս. թ. դեկտեմբերի 26-ին հրապարակված ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակով` ուղղված ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ինչպես նաև «Ֆեյսբուք»-ի իր էջում նույն օրը Միքայել Մինասյանի կատարած հետևյալ գրառմամբ .

«Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո՛չ պատերազմի նախօրեին, ո՛չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:

Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կապիտուլյացիայի, որովհետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ:

Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ:

Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այս հղումով՝

https://t.me/mikayelm»:

Միքայել Մինասյանն ավելի վաղ իր «Requiem / 5. երազանքներ» վերտառությամբ տեսանյութում հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ու կցել փաստաթղթերի փաթեթ, որոնցում առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ:

«Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը, և կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմի սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում»,- գաղտնազերծելով ՀԱՊԿ քարտուղարի նամակը, հայտնել էր Միքայել Մինասյանը:

Նախապես տեղյակ լինելով Ադրբեջանի մոտալուտ ագրեսիայի, նրա կողմից սանձազերծվելիք պատերազմի մասին, ինչը հենց ինքը` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, նա չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության` պատերազմը կանխելու նպատակով:

Հետաքրքիր է, թե քաղաքական կոռուպցիայի մեջ մինչև կոկորդը խրված ՀՀ գլխավոր դատախազը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ի՞նչ են մոգոնելու` իրենց հովանավորյալ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար, կամ ի՞նչ են պատճառաբանելու` նրա կողմից պետական դավաճանության փաստի առթիվ քրեական գործ չհարուցելու կապակցությամբ, երբ անժխտելի է նաև այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ՀԱՊԿ-ի օգնությանը չի դիմել նաև պատերազմի ընթացքում:

Վերոնշյալի առնչությամբ հարկ է ընդգծել, որ Ադրբեջանը Թուրքիայի ռազմական աջակցությամբ ու մասնակցությամբ, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների ընդգրկմամբ պատերազմում էր ոչ միայն Արցախի դեմ, այլև պատերազմական նպատակաուղղված բազմաթիվ ու շարունակական բնույթի գործողություններ էր իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ընդ որում, թշնամու նշված գործողությունները ոչ թե հարձակման ինչ-որ չնչին, ՀՀ-ին վնաս կամ էական վնաս չպատճառած դրսևորումներ էին, որոնցով միգուցե հնարավոր լիներ պատճառաբանել ՀԱՊԿ-ին չդիմելը, այլ ճիշտ հակառակը` մարդկային (նաև` քաղաքացիական բնակչության շրջանում), ռազմատեխնիկական, նյութական բազմաթիվ ու լուրջ կորուստների հանգեցրած հարվածներ:

Դեռ 2020թ. հոկտեմբերի 27-ին, կապիտուլյացիայի դավաճանական հայտարարությունից մոտ 2 շաբաթ առաջ, բացարձակապես անտեղյակ ՀԱՊԿ քարտուղարի հիշյալ նամակին, LIVEnews.am կայքում հանդես եկա «Հայաստանը Ադրբեջանի ագրեսիային ենթարկվելու հիմքով ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար» վերտառությամբ հրապարակմամբ , որում հստակ նշել էի, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված և ծանր հետևանքներ ունեցած ագրեսիայի փաստերը բազմաթիվ են ու, կարծում ենք, լիուլի բավարար` ՀԱՊԿ-ին ռազմական օգնություն ստանալու նպատակով դիմելու համար, նաև տարակուսանքս հայտնել`  ինչո՞ւ ենք հապաղում… Սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառո անապատի:

Միանգամայն հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի  դավաճանական նպատակադրման դեպքում Հայաստանը չպետք է դիմեր ՀԱՊԿ օգնությանը, ինչպես և վարվեց` չնայած վերոնշյալ հոդվածում նշված ու ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը հաստատապես հայտնի բազմաթիվ փաստերին, որոնք իրավական լիարժեք հիմք էին հանդիսանում ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու համար: Ի դեպ, եթե մինչ այդ եղած չլինեին դավաճանական բնույթի մի շարք գործողություններ և հանցավոր անգործության դրսևորումներ, ՀԱՊԿ-ին դիմելու կարիք գուցե չլիներ:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան