Հայաստանը Ադրբեջանի ագրեսիային ենթարկվելու հիմքով ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար

Բոլոր հիմքերը կան փաստելու, որ Ադրբեջանն Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծելուց հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ անցած ժամանակաընթացքում իրականացրել և այսօր էլ շարունակել է իրականացնել զինված ագրեսիա, հարձակումների մի ամբողջ շարք: ՀՀ-ի դեմ ագրեսիային մասնակից է նաև Թուրքիան:

Ավելին. Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը:

Վերը նշված իրավիճակում առնվազն տարօրինակ և անհասկանալի է, թե Հայաստանի Հանրապետությունն ինչո՞ւ սահմանված ընթացակարգով չի դիմել ու համառորեն չի դիմում ՀԱՊԿ-ին ու նրանից օգնություն չի պահանջում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկված լինելու հիմքով, թերևս նաև Ադրբեջանում և Արցախում մի քանի հազարի հասնող միջազգային ահաբեկիչների առկայության հանգամանքով պայմանավորված, որոնք մեծ վտանգ են ներկայացնում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ այլ պետությունների բնակչության կյանքի, առողջության, հիշյալ պետությունների ազգային անվտանգության համար: Սա հրապարակային հարցում է` ուղղված ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնող անձանց,  ՀՀ կառավարությանը և ԱԺ-ին:

Հոկտեմբերի 27-ի առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի` Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Տեղեկացնելով այս մասին,  ՀՀ պաշտպանության նախարար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»:

Խոսքը, բնականաբար, Մեղրիում հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերին տարբեր զինատեսակների օգտագործմամբ հասցված տարաբնույթ հարվածների մասին է, որոնք ոչ միայն ընդգծում են թշնամու բացառիկ ցինիզմն ու լկտիությունը, այլև հանդիսանում են Հայաստանի Հանրապետությանն ուղղված որոշակի ուղերձ` Արցախի հետ զուգահեռ կամ Արցախից հետո գրավելու ենք նաև Մեղրին, ազատե՛ք Մեղրին, հեռացե՛ք այնտեղից:

Նախորդ գրառումից մոտ մեկուկես ժամ հետո «Facebook»-ի իր էջում կատարած մեկ այլ գրառմամբ   ՊՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ «ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան», և որ «Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»:

Մոտ կես ժամ հետո Շաւշան Ստեփանյանը «Facebook»-ի իր էջում հոկտեմբերի 27-ին ՀՀ-ի վրա Ադրբեջանի կատարած հարձակման առնչությամբ 3-րդ գրառումը կատարեց` այս անգամ, սակայն, հայտնելով, որ կան վիրավորներ. «Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ» (ընդգծումը` մերը):

Անցավ ևս մոտ կես ժամ, և ՊՆ մամուլի քարտուղարը ժամը 13-ի կողմ «Facebook»-ի իր էջում կատարած գրառմամբ  տեղեկացրեց, որ «ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:

Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ»:

Մոտ մեկ ժամ հետո ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 27-ին հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները:

«Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում է, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:- Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է:

ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկյանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով հասցնել հուժկու հարված և կիրառել զինանոցում գտնվող զենքի բոլոր տեսակները»:

Այս «ընդհանուր առմամբ»-ը որոշ մտահոգության, անհանգստության տեղիք տվեց.  ուրեմն ի՞նչ` իրավիճակը ոչ թե ամբողջությամբ, այլ հիմնականում, հիմնական գծերո՞վ է վերահսկելի… Միաժամանակ հուսադրեց ՊՆ ներկայացուցի հավաստումը.

«Գիտենք իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու» (անհետևանք.- Ա.Հ.):

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ ՊՆ-ն, ինչպես նշեցինք, ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: Որքան հիշում ենք, սա Ադրբեջանի կողմից ՀՀ-ին հասցված հարվածի առնչությամբ ՊՆ-ի առաջին հայտարարությունը չէ, նմանաբնույթ հայտարարություններ էլի են եղել: Հիշենք նաև, որ դեռ հոկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ նախազգուշացնող հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»։

Անհասկանալի է, թե ՀՀ արտգործնախարարությունն ինչու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ագրեսիան ներկայացրել զինված ագրեսիայի փորձ` մանավանդ, որ դրանից ավելի վաղ, սեպտեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչն օդ բարձրանալով Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից, ՀՀ օդային տարածքում խոցել էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, ինչի հետևանքովօդաչուն զոհվել էր:

Ավելին. նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ առավոտվանից իրավիճակը լարվել է նաև Վարդենիսի ուղղությամբ, և որ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Հենց ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վարդենիսում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Վերոնշյալ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակել են նաև ՀՀ զինված ուժերի Վարդենիսի զորամասի վրա, ինչպես նաև օդուժ կիրառել: Ինչպես հայտնի է, Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ն նաև քաղաքացիական ավտոբուս է խոցել, որը այրվել է: Նշենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն նույն օրը նաև փորձել էր ավիահարված հասցնել Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի հարևանությամբ գտնվող երկաթգծին, սակայն վրիպել:

Հոկտեմբերի 15-ին ՀՀ դատախազությունն իր պաշտոնական կայքում «Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը շարունակվում է» վերտառության ներքո հրապարակեց մի տեղեկանք, որով ներկայացրեց մինչ այդ պահն արձանագրված նմանաբնույթ հանցագործությունները. «Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ վարում է ագրեսիվ պատերազմ:

Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայողներ:

Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված ձևով ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի բնակավայրերը, որտեղ հայտնաբերվել է հիշյալ հրետակոծությունների ընթացքում արձակված արկերից մեկը:

2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը, որի արդյունքում այրվել է այնտեղ գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակիչների բնակելի տների պատուհանների ապակիները, պատերը, տանիքը, ցանկապատը, միջնակարգ դպրոցի հարակից տարածքը՝ պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2020թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02-ի սահմաններում, հրթիռահրետանային հարվածներով վնասել են Վարդենիս քաղաքի բնակչի առանձնատանը գտնվող  նյութական միջոցները, գույքը: Արձակված հրթիռի դետալը հայտնաբերվել է տան բակում:

2020թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռահրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման թիրախ են դարձրել և պայթեցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղի բնակչի բնակելի առանձնատունը, ինչի արդյունքում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսի առողջությանը պատճառվել է վնաս:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:55-ից մինչև 23:24-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դաշտամիջյան հատվածում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Սոթք,  Կութ գյուղերի, Նորաբակ համայնքի տարածքներում և ՀՀ ՊՆ զորամասին կից կրակային ուսումնական կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են Ադրբեջանի զինված ուժերի  կողմից սպառազինության տարբեր միջոցներից արձակված արկեր և դրանց արդյունքում առաջացած բեկորներ:

Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր համայնքի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգտագործմամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրը, որի արդյունքում սպանվել է երեք զինծառայող, վնասվել են նույն բնակավայրի՝ մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Հոկտեմբերի 14-ին խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թ  իրախավորվել են նաև հարակից դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում:

Համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով»:

Հավելենք, որ ՀՀ դատախազության վերոնշյալ տեղեկանքից չգիտես ինչ պատճառով դուրս է թողնված թշնամու հարվածային ԱԹՍ-ի կողմից հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ հասցված հարվածը, որի հետևանքով, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, «Կա մեկ զոհ»:

Վերոնշյալ տեղեկանքի հրապարակումից հետո, հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնեց, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը: Մի խոսքով, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված և ծանր հետևանքներ ունեցած ագրեսիայի փաստերը բազմաթիվ են ու, կարծում ենք, լիուլի բավարար ՀԱՊԿ-ին ռազմական օգնություն ստանալու նպատակով դիմելու համար: Ինչո՞ւ ենք հապաղում…

 

Արթուր Հովհաննիսյան