Իրանը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կարձագանքի ծրագրերի համաձայն

Իրանը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կարձագանքի ծրագրերի համաձայն: Ինչպես փոխանցում է Mehr գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:

Նրա խոսքով՝ ի պատասխան գեներալ Սոլեյմանիի սպանության Իրանը մահացու հարված է հասցրել Այն ալ Ասադ ամերիկյան բազային, չնայած կարող էր Միացյալ Նահանգներին ավելի խիստ պատժել:

Վկայակոչելով իրանցի միջուկագետ-գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ նա շեշտել է, որ Իրանի ու իր թշնամիների միջև նոր պատերազմ է սկսվել, եւ այդ պատերազմը շարունակվում է:

«Քանի որ Թրամփի վարչակազմի կառավարումը մոտենում է վերջին, Միացյալ Նահանգները սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ Իրանի դեմ ակցիաների շարք է անցկացնում, ինչն ամեն դեպքում հերթական պատերազմ է, և բնական է, որ այդ պատերազմում կան նահատակներ, պատերազմը դեռևս չի ավարտվել»,- հավելել է նա:

Շեշտելով, որ հենց Իրանն է պատերազմին վերջ տալու, Ռեզաին ասել է, թե Իրանը կպատժի «սիոնիստական ռեժիմին, որպեսզի փոխզիջման գնացող արաբական երկրները գիտակցեն, որ մեծ սխալ են թույլ տվել»: