ԱՍԱԼԱ-Ի (ՀԱՀԳԲ) նախահայրը. Գուրգեն Յանիկյան

1973 թ. հունվարի 27-ին Բալթիմոր հյուրանոցում հնչում է Գուրգեն Յանիկյանի կրակոցը: Կալիֆորնիայի Սանտա-Բարբարա քաղաքի Թուրքիայի հյուպատոս Մահմեդ Բայդարի և փոխհյուպատոս Բահադր Դեմիրի սպանությունը ցնցեցում է աշխարհը և միջազգային հանրության ուշադրությունն ուղղում այդ «տարօրինակ ահաբեկչության» իրականացման պատճառների վրա: Յանիկյանին տրվում են «անհավասարակշիռ», «խելագար» ու նման այլ որակումներ: Ի՞նչն է դրդում 78-ամյա հիվանդ ու տկար ծերունուն՝ Գուրգեն Յանիկյանին դիմել այդ քայլին, և վերջապես, ո՞վ էր Գուրգեն Յանիկյանը` սովորական մի հանցագործ, հոգեկան խնդիրներ ունեցող մա՞րդ, թե իր պարտքը գիտակցող մեկը:

Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. դեկտեմբերի 24–ին` Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում: Նա վեց ամսեկան էր, երբ սկիզբ առան համիդյան կոտորածները: Հայրը լավ հարաբերություններ ուներ Կարինում պարսկական հյուպատոսի հետ. վերջինիս օգնությամբ Յանիկյանների քսանութ հոգուց բաղկացած գերդաստանը ապաստանում է պարսկական հյուպատոսարանում` փրկվելով կոտորածներից: Երկու շաբաթ պատսպարվելուց հետո նրանք լեռնային ճանապարհով տեղափոխվում են Կարսի մոտ գտնվող Քյոթահ գյուղը: Հանկարծ պարզվում է, որ Գուրգենը չկա. ցրտից անզգայացած մոր գրկից երեխան ընկել էր ճանապարհին: Մայրն ու եղբայրը՝ Հակոբը, չնայած արգելքներին հետ են դառնում և անցնելով մոտ վեց կիլոմետր` գտնում են Գուրգենին գրեթե անկենդան վիճակում: Իրենց մարմինների ջերմությամբ կարողանում են վերակենդանացնել երեխային: Վեց տարի անց միայն մայրը Գուրգենի և Հակոբի հետ վերադառնում է Էրզրում` իրենց ախոռում պահված ոսկիներն ու փաստաթղթերը Կարս փոխադրելու նպատակով: Փորելու ընթացքում երկու թուրք գալիս բռնում են Հակոբին, գլխատում նրան` իրենց հետ տանելով երկաթե արկղը: Մայրն ու Գուրգենը, պատսպարված ականատես են լինում այդ տեսարանին: Հետագա ողջ կյանքի ընթացքում Գուրգենը չի կարողանում մոռանալ այդ ողբերգությունը: Քաղաքական նպատակով դառնում է պարսկահպատակ, ապա` ընտանիքի հետ տեղափոխվում է Շվեյցարիա, ստանում կրթություն, որը հետագայում շարունակում է` Թիֆլիսում և Մոսկվայում: Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Յանիկյանն իր հիսուն ընկերների հետ խումբ կազմած` Դրոյի գնդում պարտականություն էր ստանձնել վերաշինել քանդված կամուրջները: Այս ընթացքում նա սարսափելի տեսարանների է ականատես դառնում և որոշակի առողջական խնդիրներ ձեռք բերում: Հրամանատարի որոշմամբ մեկնում է Թիֆլիս, ապա` Խարկով, ուր և հանդիպում է ապագա կնոջը՝ Շուշանիկին: 1930-ին տիկնոջ հետ մեկնում է Պարսկաստան` Թավրիզ, որտեղ հիմնում է առաջին մետաղաձուլարանը: Որպես արվեստագետ-քանդակագործ` կառավարության խնդրանքով պատրաստում է Պարսկաստանի նշանավոր անձանց ու թագավորների մետաղե արձանները: Կառավարության պատվերով կառուցում է Պարսկաստանի առաջին և մեծագույն ստորերկրյա զինագործարանը: Յանիկյանը պայմանագիր ուներ Իրանի կառավարության հետ` կառուցել Թեհրան-Թավրիզ երկաթգծի 315 կմ երկարությամբ մի հատված: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից դեպի Խորհրդային Միություն զինամթերք փոխադրող նավերը մեծ կորուստներ էին կրում գերմանական սուզանավերի հարձակումներից: Այդ պատճառով որոշվում է փոխադրումներն իրականացնել ցամաքային ճանապարհով` Իրանի տարածքով: Դաշնակիցների զինվորական ճարտարագետները Պարսից ծոցից մինչև խորհրդային սահման ճանապարհի կառուցման համար նախատեսում էին մեկ տարուց ավելի ժամանակ: Ամերիկյան կողմն այս գործը վստահում է Յանիկյանին` խնդրելով ճանապարհի շինարարությունն ավարտել 10 ամսում: Խոստացված ժամկետից երեք և կես ամիս շուտ Յանիկյանն ավարտում է շինարարությունը: Ճանապարհի կառուցման ավարտից մի քանի շաբաթ անց Յանիկյանին և իր տիկնոջը` որպես ԱՄՆ-ի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած անձանց, տրվում է ամերիկյան քաղաքացիություն և պարգևներ:

Յանիկյանն իր կյանքը նվիրաբերում է Հայկական հարցին բարձրաձայնմանը: Մի գիշեր նրա աչքի առաջ գալիս է եղբայրը և Յանիկյանը վերջնականապես որոշում է անձամբ վրեժխնդիր լինել: Յանիկյանն ուներ տաճկական մի թղթադրամ, որի վրա առկա էին թուրք նախկին նախարարների և պաշտոնյաների ստորագրությունները: Միջոցառումներից մեկի ժամանակ Յանիկյանին էին նվիրել իտալացի մի նկարչի կողմից արված նկար, որը համաձայն նվիրատուի հաղորդման` կախված է եղել Աբդուլ Համիդի ննջարանում: Գիտակցելով, որ այդ երկու հնաոճ իրերը բավականին արժեք կունենան թուրքերի համար, Յանիկյանը կարողանում է պայմանավորվել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների հետ` կազմակերպելու համար դրանց նվիրատվությունը: Նա հանդես է գալիս որպես պարսիկ` Աղա Յանի խան անունով, ով կյանքի վերջին տարիներին ցանկանում էր տարբեր երկրներից շքանշաններ ստանալ: Հանդիպումը տեղի է ունենում Բալթիմոր հյուրանոցում: Սպանությունն իրագործելուց հետո Յանիկյանն երկար ժամանակ սպասում էր ոստիկանությանը: Խոստովանության ժամանակ նա հայտարարում է, որ ոչ մի կուսակցության, հոսանքի և խմբակցության անունից հանդես չի գալիս, նա անհատ է, ով գործել է ինքնուրույն: Դատարանում նա պատմում է. «Ես որոշել էի նախքան գործի անցնելը մի քանի խոսք ասել, որ նրանք գիտենան, թե ինչու՞ պետք է ոչնչացվեն, և ո՞վ եմ ես:

– Դուք գիտե՞ք, որ ես հայ եմ, ծնվել եմ Էրզրումում,- ներկաները զարմանքով նայում էին ինձ, – Ես գրող եմ և շատ անգամներ եմ գրել հակառակ ձեր կառավարությանը, դուք չգիտեք իմ իսկական անունը: Ես Յանի խան եմ ձեզ համար, միաժամանակ ես Նեգրուգն եմ` իմ Գուրգեն անվան հակառակ կարդալն է, ես տասնյակ տարիներ որպես կեղծանուն օգտագործել էի իմ գրությունների համար, նամանավանդ այն գրվածքների, որոնք տաճիկներին էին վերաբերվում:

Հյուպատոսը կեղծ ժպիտով ասաց.

– Շատ էլ լավ ես արել Յանի խան: Բայց դա անցյալում է եղել: Դուք նվերներ եք տալիս մեր երկրին, չէ՞ որ հիմա մենք բարեկամներ ենք: Մեր երկիրն էլ` որպես շնորհակալություն, ձեզ երկու շքանշան պիտի տա: Ես էլ իմ կողմից խոսք եմ տալիս, որ մի 5000 դոլար էլ ձեզ տրվի, որ դուք այլևս մեզ հակառակ բաներ չգրեք:

– Բարեկամնե՜ր, գազանների հետ բարեկամ չեմ կարող լինել: Ձեր ցեղը երկու միլիոն մեր ազգից մորթել է: Հիմա ինձ դրա՞մ եք առաջարկում: Դուք փոխել եք ձեր երկրի կառավարելու ձևը, բայց մնացել եք նույն կեղտոտ ազգը: Պիտի ոչնչացնեմ երկուսիդ էլ: Երկու հարված տալով հյուպատոսին` գիրքը դեն շպրտեցի և զենքն ուղղեցի երկրորդին: Բոլոր փամփուշտները կրակեցի»:

Յանիկյանի դատավարությունը հայկական կողմի պարտությունն էր, ոչ միասնական լինելու արդյունք: Բազմաթիվ կուսակցություններ, ինչպես նաև անհատներ ցանկանում էին, որ Յանիկյանն իրենց անունից հանդես գար, սակայն հայտարարեց, որ գործել է մենակ` իր իսկ որոշմամբ: 78-ամյա ծերունին 10 տարի բանտում անցկացնելուց հետո իշխանությունների միջնորդությամբ շարունակում է կրել պատիժը տնային կալանքի տեսքով: Նա արդեն ծանր հիվանդ էր ու մահամերձ: Մի քանի շաբաթ անց 1984 թ. մարտի 27-ին հերոսը հավերժ փակեց աչքերը: Գուրգեն Յանիկյանը բազմաթիվ գրքերի հեղինակ էր` «Հուդայի հաղթանակը», «Հարեմի խաչը», «Մի ամերիկացու ձայնը», «Համբարձված Հիսուսը», «Անհատը», «Կյանքի սիմֆոնիան», «Մեր Մեսիան», «Դրախտը», որոնք թարգմանվել են ֆրանսերենով, անգլերենով և գերմաներենով: Ամերիկայում հաստատվելուց հետո Յանիկյանն իր միջոցներով «Դրախտը» վերածել է 20 ժամ տևողությամբ շարժապատկերի, որտեղ պատկերված են թուրքական բարբարոսությունները: Այն կիսատ է մնում գումար չլինելու պատճառով:

Յանիկյանի գործունեության արդյունքում ծնվում է մի կազմակերպություն` «Հերոս Գուրգեն Յանիկյանի խմբակ» անունով, որը կարճ ժամանակ անց վերանվանվում է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»:

Անժելա Թևեքելյան, ՀՑԹԻ աշխատակից

#Կարդացեք

#Հայագիտարան_Հայաստան

#Հայագիտարան

#Hayagitaran

Gourgen Yanikian

https://www.hayagitaran.am/2013/12/id-3095.html

http://www.genocide-museum.am/arm/24.12.2018-Yanikyan.php

Հայագիտարան Հայաստանի ֆեյսբուքյան էջից