5 միլիոն վարկ ենք վերցրել, ոչխար ենք առել, անորոշ վիճակում սպասում ենք. Շուռնուխի բնակիչը` իրենց տունն Ադրբեջանին անցնելու մասին

Մեր տունը մտնում է այն 11 տան մեջ, որոնք անցնում են Ադրբեջանին, բայց այսօրվա դրությամբ հեռանալու մասին մեզ տեղեկություն չեն տվել, սպասում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Նարինե Խուրշուդյանը, ում տունը սահմանազատման հետևանքով ևս անցնում է Ադրբեջանի կազմ։

«Սպասում ենք նորության, բայց դե երևի արդեն պարզ է, որ արդեն թուրքի տարածքում է սա, բայց գոնե մի լույս բացվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները GPS-ով նշումներ են արել գյուղում, ըստ այդմ՝ գյուղի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին, իսկ Որոտան համայնքից էլ մի հատվածն է անցնում:

Բնակիչը նշեց, որ իրենք ահագին խոտ ունեն, որ պետք է դուրս հանեն, անասուններ ունեն և մոտ 100 ոչխար: «Այնքան նեղվել եմ, սիրտս վատացած պառկած եմ; Ո՛չ օգնող ունենք, ո՛չ հարմար մեքենա կա: Մենք մեծ գոմ ենք սարքել սպիտակ թիթեղից, երևի մի 3 միլիոնի չափ  ծախս ենք արել, հինգ միլիոն վարկ ենք վերցրել ոչխարներ ենք առել, անորոշ վիճակում սպասում ենք, չգիտեմ ինչ անենք»- ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում, եթե տունն իրենց մնա, և զգան ապահով են, կշարունակեն ապրել այդտեղ: