«Վարչատարածքային բաժանումը երբևէ չի կարող հիմք ծառայել այլ երկրի հետ սահմանները որոշելու հարցում». Դավիթ Հարությունյան

Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և նախկիններին հասցեագրված, այսպես ասած, օրենսդրական մեղադրանքին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին:

«Այլ ձևով չեմ ուզում գնահատել: Չեմ ուզում ասել, որ դիտավորյալ մանիպուլյացնում են հասարակությունը: Վարչատարածքային բաժանումը երբևէ չի կարող հիմք ծառայել այլ երկրի հետ սահմանները որոշելու հարցում: Հակառակ պարագայում կարելի էր էնտեղ գրել, որ ՀՀ-ի և, ենթադրենք, Շվեյցարիայի ընդհանուր սահմանը… ինչ է, դրանից փոխվելու էին աշխարհի ընդհանուր քարտեզնե՞րը: Ոչ: Վարչատարածքային բաժանման մասին օրենքն այլ նպատակներ է հետապնդում` երկրի ներսում կարգավորել, թե որ տարածքում որ մարմինն է պատասխանատու: Իսկ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ-ի և Արցախի սահմանի մասին, որը չէինք ճանաչել՝ շատ հստակ նպատակ ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել այդ հարցը: Այնպես որ` դա բերել որպես հիմնավորում, դա կամ ծաղր է հասարակության նկատմամբ, կամ սեփական տգիտությունն ի ցույց դնել»,- նշեց նա` հավելելով, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են հավատալ ամենաանհեթեթ գաղափարին: