Ռուսաստանը զորք է ուղարկել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն

Ռուսաստանը զինվորականներ և ծանր զինտեխնիկա է ուղարկել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն՝ ռազմական օգնության մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա՝ տեղեկացնում է euronews-ը:

Մոսկվան պաշտոնապես դեռ չի հաստատել լուրը: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անցած երեքշաբթի ասել էր, որ Կրեմլը մտահոգված է այդ երկրում ստեղծված իրավիճակով:

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ ԿԱՀ-ում արդեն աշխատում են ռուս ռազմական հրահանգիչները: Նրանք վերապատրաստում են տեղի զինվորներին, իսկ ռուսական մասնավոր ընկերությունների մարտիկները հսկում են պետության ղեկավարին:

Անցյալ շաբաթ աֆրիկյան այդ հանրապետությունում ապստամբների երեք զինված խմբավորումներ միավորվեցին հակակառավարական կոալիցիայում և հսկողություն հաստատեցին մայրաքաղաք Բանգիի մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրերի վրա:

Կոալիցիայի նպատակն է կանխել գործող նախագահի վերընտրությունը: Ֆոստեն-Արկանժ Տուադերան հավակնում է երկրորդ անգամ դառնալ երկրի նախագահ: Ավելի վաղ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ապստամբներին՝ նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի գլխավորությամբ, կոչ էին արել վայր դնել զենքը: