Իրենք այդպես էլ չդարձան իշխանություն, իրենք մնացին ընդդիմություն հին իշխանություններին. Կարեն Վրթանեսյան

«Այս ամենի մեղավորը այսօր լկտիաբար փորձում է քաղաքական ինչ-որ կապիտալ հավաքել, փորձում է իր անձնական իշխանության համար շահագործել մարդկանց վիշտը»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա նշեց, որ իշխանությունները վարչական ռեսուրս են օգտագործում, որպեսզի մարդիկ մասնակցեն իրենց սգո երթին․ «Պատերազմից օրեր անց, չասեմ՝ ավարտից, այդ խայտառակ թուղթը ստորագրելուց օրեր անց, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձեցին քաղաքացիական բախումներ հրահրել, և փաստորեն, այսօր փորձում են նորից ինչ-որ նման քայլի գնալ, փորձում են սրանով պառակտել մարդկանց՝ այժմ էլ կորուստների հողի վրա, սպառնալիքներով, շանտաժով։ Ըստ էության, իրենք մեդիա տեռոր բառը օգտագործեցին, այսօր թիվ մեկ մեդիա տեռորիստը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, մեդիա շանտաժիստը և ընդհանրապես շանտաժիստը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ քանի դեռ այդ մարդը իշխանության է, զբաղեցնում է վարչապետի աթոռը, Հայաստանի ազատ անկումը միայն ու միայն շարունակվում է»։

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի բախումներ լինեն․ «Սադրանք է։ Իրենք այդպես էլ չդարձան իշխանություն, իրենք մնացին ընդդիմություն հին իշխանություններին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն պահել որպես արմատական ընդդիմադիր ու խփում է պետականությանը, խփում է հասարակությանը, քանդում է բոլոր քաղաքական, պետական, հանրային ինստիտուտները, և փորձում է դրա հաշվին այդ աթոռին կառչած մնալ»։

«Այսօր իրենք արդեն անուղղակի պահանջում են Սյունիքը և ոչ միայն Սյունիքը հանձնել, ինչ-որ ռազմատուգանքներ են ակնարկում, և այլն, նույն կերպ կասեն՝ էս ինչն էլ տվեք, սա էլ տվեք, նա էլ տվեք։ Իշխանությունը մի այսպիսի միֆ ստեղծեց, որ իբր դրանով դադարեցրին պատերազմը, բայց պատերազմը չի դադարել։ Մենք դրանից հետո արդեն ունենք զոհեր, առնվազն այն 9 հոգին, որոնք զոհվեցին Խծաբերդում։ Մենք ունենք 70-ից ավելի մարդ, որոնց ճակատագիրը հայտնի չէ, և ամեն կերպ դաշտում գցում են հակասական տեղեկատվություն, որ մարդիկ չհասկանան, թե ինչ է կատարվում։ Այս ամեն ինչը ուղղորդված քաղաքականություն է ժողովրդին շփոթեցնելու, ժողովրդին անորոշության մեջ պահելու։ Այդ ընթացքում ամեն օր, ամեն ժամ մենք նոր դիրքեր ենք կորցնում, մենք նոր տարածքներ ենք զիջում, ու ցավոք սրտի, մենք նոր գերիներ ունենք, ցավոք սրտի, նոր զոհեր ունենք։ Այսինքն՝ պատերազմը, ըստ էության, չի կանգնել, ու այդ կապիտուլյացիայի գործընթացը շարունակվում է»,-նշեց ռազմական փորձագետը։