Կովիդի արդյունավետ բուժման համար առաջարկներ են ներկայացվել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդման հյուրն է թերապևտ, սրտաբան, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ Լամարա Մանուկյանը, որը թիվ 2 բուժմիավորման թերապևտիկ ծառայության ղեկավարն էր, և նրա աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձավ։ Ֆեյսբուքյան էջում Լամարա Մանուկյանը գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատվելու պատճառը  Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելն է եղել, որի համար հիվանդանոցին վճարում չի արվել։ Ինչպես է հնարավոր մարդասիրական գործ կատարելու համար մասնագետին ազատել աշխատանքից։ Նախարարությունից որևէ արձագանք եղե՞լ է և ինչպիսի մոտեցմամբ։

Լամարա Մանուկյանը կովիդի արդյունավետ բուժման առաջարկներ է արել, որոնցից մեկը հեռավար բուժման մեթոդն է, սակայն անարձագանք են մնացել այդ առաջարկները, մինչդեռ աշխարհի զարգացած երկրներում այդ մեթոդն արդյունավետ կիրառելու շնորհիվ հնարավոր է եղել կանխել շատ բուժառուների մահը։

Մասնագետները վերջին երկու տարիներին հատկապես շեշտում են առողջապահական համակարգը խարխլելու մասին, հիվանդանոցներ են փակվում օպտիմալացման անվան տակ, ծննդատներ, օրենսդրական նախաձեռնություններ, որոնք չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Խոսեցինք նաև այս մասին՝ անդրադառնալով տարեցների առողջության և բժշկության կենտրոն ստեղծելու անհրաժեշտությանը։

Առողջության առաջնային պահպանման օղակը ամենախոցելին է եղել մեզանում և բարեփոխման անհրաժեշտություն կար։ Դրական փոփոխություններ եղե՞լ են, բացի որոշ չափով աշխատավարձերի բարձրացումից։ Մենք ունեինք մասնագիտական որակավորման, վերապատրաստման, անկետաների թվայնացման, բնակչության վստահությունն այդ հիմնարկների հանդեպ բարձրացնելու, կանխարգելման բժշկության զարգացման խնդիրներ։

Մանրամասները՝ տեսանյութում