Այսօր Ապարանում Նիկոլ Փաշինյանի համար պայքարողները «Եհովայի վկաներ» աղանդի անդամներ են. Վանեցյան

Տեսնում եք, թե Նիկոլ Փաշինյանը քանի հազար ոստիկաններ է բերել, շրջափակել ԱԺ-ն: Այս մասին Ազգային ժողովի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ 2,5 տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ոստիկաններ, մի՛ պաշտպանեք իշխանություններին, անցե՛ք ժողովրդի կողմ, և նշում էր, որ իրեն երբեք չի բաժանելու ոստիկանական պատնեշով ժողովրդից: Նա կոչ արեց հայրենակիցներին ոչ միայն դիտել ակցիաները, այլ դուրս գալ և կանգնել իրենց կողքը:

«Ընտանիք մտնելը անբարոյականություն է և դատապարտելի է, բայց մենք չենք գնացել տան վրա և որևէ սպառնալիք չենք հնչեցրել: Պարզապես Նիկոլ Փաշինյանը վախկոտ և փախած վիճակում թաքնվում է կա՛մ կառավարական ամառանոցում, կա՛մ ինչ-որ ,պադվալներիցե և բունկերներից փորձում է «լայվերով» ղեկավարել երկիրը»,- ասաց նա և նշեց, որ իրենք գնացել են և իրենց ձայնը հնչեցրել:

«Եթե երկու վեհափառները կոչ են անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, հավատք ունեցող, աստվածավախ մարդը միանշանակ պետք է հրաժարական տա կամ գոնե գտնի ինչ-որ լուծում, արձագանքի դրան, նա որևէ կերպ չի արձագանքում մեր երկու հայրապետների խոսքին և շարունակում է իրեն դնել անհասկացողի տեղ»,-ասաց նա:

Արթուր Վանեցյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է, որևէ կասկած չկա դրանում: «Ամանորն առանց դավաճան Նիկոլ, չի մնալու, նրա օր, վայրկյան ավելի իշխանության մնալը սպառնալիք է ժողովրդին: Վարչապետի աջակից կոչեցյալները մեր քաղաքացիներն են, մեր հայերն են և որևէ կերպ չեմ ուզում նրանց վիրավորել, բայց դու տեսնում եք նրանց մակարդակը, խոսքը, քանակը, ուղղակի ամոթ է: Ես կոչ եմ անում այդ մարդկանց չտրվել գայթակղությունների, որ խոստումներ, գումարներ է տալիս, ես տիրապետում եմ այդ տեղեկություններին»,– ասաց նա:

«Այսօր Ապարանում Նիկոլ Փաշինյանի համար, այսպես ասած, պայքարողները Եհովայի վկաներ աղանդի անդամներ են: Նիկոլ Փաշինյանը հայերի շրջանում աջակցություն չունի և չի կարող ունենալ, մարդ, ով հանձնել է մեր հայրենիքի մեծ հատվածը, ով հայ ազգի ողնաշարը կոտրել է, և ունենք այսօր պարտված, բարոյալքված ժողովուրդ: Դա մանիպուլյացիա է, սուտ է, Նիկոլ Փաշինյանը չկա, նա այլևս գոյություն չունի, վարչապետի աթոռին նստած անձը քաղաքական դիակ է և վերջ»,- ասաց նա և նշեց, որ չի կարող հայ ազգը ծնկած և մեջքը կոտրած ապրել։