Մարդկային անեզր ողբերգություն

1988 թ. դեկտեմբերի 7 ժամը 11: 41, ժամանակ, որը հայի պատմության մեջ գրվեց սևատառ:

Դժբախտություն, դու ժամանակ առ ժամանակ թակում ես հայի դուռը:

Ինչո՞ւ:

Մի՞թե սա նզովք է, բարձրյալի ահեղ դատաստան, ինչո՞ւ ենք այսքան դժբախտ:

Ո՞վ անիծեց իմ տառապած,

Վշտից քամված ժողովրդին,

Ի՞նչ եղեռն էր Աստծո կողմից,

Որ հայ մանուկն անտուն մնաց…

Խռոված հայոց հողը մոլագար թշնամու նման ավերեց երկիրս, Հայոց

տանիքը, ու հայը նորից բռնեց օտարի ճամփան:

Պիղծը խնդաց, կեղծն էլ`սգաց, ու դրանից չպակասեց ազգիս վիշտը, այն վիշտը, որ հիմնավերել էր իմ Գյումրին, Սպիտակը:

Ապրում էինք հեռավոր արևելքում: Օտարության մեջ հայրենի հողի կարոտն ու ցավը բազմապատկվում է:

Այն ժամանակ տեղեկատվության միակ աղբյուրը, եթե անտեսենք մամուլը, հեռուստատեսությունն էր, որի հեռարձկած լուրերին սպասում էինք օդի պես, մի առանձին լավատեսությամբ, որ փլատակներից կգտնվեն ողջ մարդիկ:

Ցավը գերակա էր մտքիս:

Որբացել էր հայ մանուկը, ում կրծքիս տակ պահելու խելահեղ ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս:

Չէ, երբեք հայի օրորոցն այսուհետ ցավ չի տեսնելու:

Վճռական էի, որոշել էինք որդեգրել ծնողազուրկ երեք երեխաների, սակայն մերժեցին, պատճառաբանելով, որ Հայաստանի սահմաններից դուրս երեխաների որդեգրումն արգելված է: Չգիտեմ, թե որքանով էր ճիշտ, բայց այն միտքը, որ հայի գենը չէր խառնվելու օտարին, մոռացության տվեց անձնական վիրավորանքս և մայրության երազը:

Օտար երկրում, ազգ իմ, քեզ հետ

Գոյատևել, ողբալ գիտեմ,

Հայ աչքերիդ թախիծը ծով,

Իմ երգերում լացել գիտեմ…

Սիրանույշ Եղիազարյան