Դադիվանքը իբրև հոգածության առարկա դարձավ խաղաղապահների կողմից, որպեսզի ուդիներին բերեն, տեր դարձնեն մեր առաքելական քրիստոնեական ժառանգությանը․ Դիլբարյան

Պատերազմի արհավիրքը դեռ չավարտված, հայոց զոհերի արյունը տաք, մարմինները հողին չհանձնած, մեզանից զավթված հողի մշակութային ժառանգությանն արդեն տեր են կանգնում ոչ միայն ադրբեջանցիները, որոնք իրենց համար պատմություն են հորինել ու ստեղծել Կովկասյան Աղվանքի «հետնորդները» լինելու բարբաջանքը, այն ժամանակ երբ մենք մեր պատմությունն էինք սրբագրում թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության սկզբունքով, այլ նաև նրանց միացել է Բաքվի և Ադրբեջանի ուղղափառ եկեղեցին: Այսօր հանրահավաքում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը զուսպ ցավով տեղեկացրեց, որ Դադիվանքում արդեն ուդիներն են արարողություն կատարում, փաստորեն Դադիվանքը իբրև հոգածության առարկա դարձավ խաղաղապահների կողմից, որպեսզի ուդիներին բերեն, տեր դարձնեն մեր առաքելական քրիստոնեական ժառանգությանը՝ ամրակայելով «հանդուժող- այլասեր» ադրբեջանցիների պատրանքը: Նոր կարդացի Day.Az -ին Բաքվի և Ադրբեջանի թեմի մամլո խոսնակ ավագերեց Կոնստանտին Պոմինովի մտքի «փայլատակումները», թե Լեռնային Ղարաբաղի տարածքի քրիստոնեական տաճարները, որոնց համար անհանգստանում են հայերը, իրենց չեն պատկանում, «այլ Կովկասյան Աղվանքի ուղղափառ եկեղեցու և այսօր գոյություն ունեցող ուդիների համայնքի ժառանգությունն են», այսպես պարզ և հակիրճ, դեռ ավելին՝ ուղղափառ քրիստոնյա Պոմինովի պնդմամբ, ադրբեջանական ժողովուրդը քսենոֆոբիայով չի տառապում, հույժ «բարեսիրտ է և գթառատ»:

Քրիստոնյայի անվամբ հանդես եկող դույն հայատյացը «մարգարեանում է» ադրբեջանցիների հետ հոգնակի առաջին դեմքով.«Ненависть и разрушения – это не в нашем менталитете. Наоборот, азербайджанский народ – это народ-созидатель. Посмотрим, что армяне будут кричать через пару лет, когда увидят все эти христианские святыни отреставрированными, чистыми и открытыми. А пока они какое-то время еще будут лгать от обиды за свое поражение в войне. И обижены они не только на Азербайджан, но и на весь мир, который не помог им удержать захваченное»:

Համոզված եմ, որ սույն ստոր մշակութագողությանը չի կարելի լռությամբ պատասխանել, մեր ճանաչված մասնագետները՝ պատմաբան, հոգևորական, մշակութաբան…, պետք է հակադարձեն բոլոր հարթակներով: Դադիվանքում շուրջ երկու հարյուր արձանագրություններից ոչ մեկը աղվաներեն չէ, ինչ Աղվանք, ինչ ուդիներ, Առակաց գիրքն ասում էր՝ «Մի՛ լինիր վկայ սուտ ընկերի քում, եւ մի՛ խաբեր շրթամբ քովք»: Բայց ադրբեջանի «քրիստոնեական թեմի» խոսանկը մահմեդականից մահմեդական է ու սուտը դարձրել է կյանքի հիմք: Նողկալի է փարիսեցիների խրախճանքը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից։