Մեր ժողովուրդը չի պարտվել, պարտվել են վարչապետը և կառավարությունը․ հարցազրույց երկրորդ նախագահի հետ․ անոնս

Այսօր ժամը 22։10-ին  «5-րդ ալիք» hեռուստաընկերության եթերում կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, քիչ առաջ «5-րդ ալիք»-ը հրապարակել է հաղորդման անոնսը։

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է․ «Մենք տեսանք էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակն է ավելի հանգիստ վիճակում ընտրությունները կազմակերպել:

Այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ և այս Խորհրդարանը այլևս չի արտացոլում  ժողովրդի կարծիքը. գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար»։

Ռոբերտ Քոչարյանը ողջունում է ընդդիմադիր ուժերի որոշումը Վազգեն Մանուկյանին ժամանակավոր կառավարության վարչապետ նշանակելու մասին.

«Կարծում եմ՝ Վազգեմ Մանուկյանը այն կերպարն է, որ այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում  որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին»։