Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս-6)

Հաղորդում հանցագործության մասին

Սկիզբը` այստեղ

 

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:

Նախ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին անհարիր Դավիթ Տոնոյանին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2018թ. տվյալ պաշտոնին  նշանակելով, ընդ որում, նշանակելով մի պաշտոնյայի, որի վերաբերյալ մամուլում մինչ այդ եղել է հաղորդում հանցագործության մասին, և որն անտեսվել է օրվա իշխանության կամակատար ՀՀ գլխավոր դատախազի կամ դատախազության կողմից:

Երկրորդ. 2020թ. նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում  ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությամբ, որ, ինչպես վկայում է քննիչ հանձնաժողովի ձեռք բերած հսկայածավալ տեղեկատվությունը, Ապրիլյան պատերազմից հետո պետք է պարզ լիներ` «մենք շատ ժամանակ չունենք, բանակը պետք է բերվեր այն վիճակին, որ պատրաստ լիներ լայնածավալ պատերազմի»:

Շարունակելով իր խոսքը, Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Դրանք այն խնդիրներն են, որոնք պետք է գոնե նոր իշխանությունները 2018 թվականից մինչև 2020 թվականը բանակը բերեին այն վիճակին, որպեսզի պաշտպանական գերատեսչությունը կարողանար, հաշվի առնելով հակառակորդի կուտակած սպառազինությունը և կառավարման իր որակի բարելավումը, մենք պատերազմի, մարտեր վարելու ընթացքում կարողանայինք չեզոքացնել այն հիմնական բաները, որ էսօր կոչվում է «Բարյաքթար»»:

Այնուհետև պարոն Քոչարյանը թվարկել է թշնամու ունեցած արդիական սպառազինության մի շարք այլ տեսակներ` գերճշգրիտ հրթիռներ, «SOM» թևավոր հրթիռներ, «Спайк» («Spike NLOS») հակատանկային հրթիռային համալիրներ, նշել նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանի ԶՈւ կառավարման հնարավորության մասին, որոնք առավել անհրաժեշտություն էին դարձնում ՀՀ նոր իշխանությունների կողմից բանակը նախապես այն վիճակին բերելը, որ այն պատրաստ լիներ լայնածավալ պատերազմին և վերոնշյալ հնարավորություններն ունեցող հակառակորդին դիմագրավելուն: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն ակնարկել մեր ինժեներական կառույցների անբավարար վիճակի մասին, որին նախաքննության մարմինը նույնպես պետք է ուշադրություն դարձնի:

Երրորդ. լրագրողների հետ նույն զրույցում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նշված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մի շարք այլ հայտարարություններով: Վերջինս ոչ միայն շատ տարօրինակ է համարել, որ տվյալ պահին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ հրաժարական չի ներկայացրել, այլև հայտնել է, որ վաղը, ինչպես ինքն ասել է վարչապետին, նախաձեռնելու է հանձնաժողովի ընդլայնված նիստ, հրավիրելու է պաշտպանության նախարարին և նրան ուղղելու է որոշակի իրեն վերաբերող հարցեր:

«Վերջապես մի պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:- Բա ես պետք է Տոնոյանին հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դուք նկարահանվում էիք, նստում էիք… Մենք պետք է ձեռք բերեինք այնպիսի միջոցներ… Ես պարոն Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ որ դուք 2016 թվականի ապրիլի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, դուք ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատամյոտով կխփենք… Էդ գիտեք ի՞նչ ա, էդ նշանակում ա, որ նախարարի այն ժամանակվա առաջին չի տիրապետում այդ վտանգներին, որ օդից կարող են իրականացվել արդեն այդ ժամանակ թեկուզ իսրայելական հարվածային «Harop»-ների (հարվածային ԱԹՍ-ներ.- Ա.Հ.) կողմից: Բայց դա հարցի դեռ սկզբնական մասն ա…»։

Այո, նշվածը հարցի դեռ սոսկ սկզբնական կամ մի չնչին մասն է. եթե «Ազատության» ռադիոկայանին Դավիթ Տոնոյանի վերոնշյալ պատասխանը դիտարկում ու քննում են այլ փաստերից մեկուսի, սոսկ առանձին վերցրած, կարող ենք եզրակացնել, որ նա բացարձակապես անհարիր է եղել տվյալ պահին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, իսկ հետագայում նաև ՀՀ պաշտպանության նախարարի  իր զբաղեցրած պաշտոններին, չի տիրապետել տվյալ պաշտոնների համար պահանջվող տարրական գիտելիքների, ու «մխիթարվել» նրանով, որ Տոնոյանը գոնե լավ է, որ ոչ թե պարսատիկով, այլ նռնականետով է հնարավոր համարել թշնամու ԱԹՍ-ների դեմ պայքարը: Սակայն երբ Դավիթ Տոնոյանի այս, մեղմ ասած, խայտառակ պատասխանը դիտարկում, քննում, վերլուծում ենք նրա կողմից հանցավոր անգործության ու մի շարք գործողությունների համատեքստում, տեսնում ենք, որ առկա են նրան նույնպես պետական դավաճան մեջ մեղադրելու կամ դրանում առնվազն կասկածելու հիմքեր:

Չորրորդ. լրագրողների հետ հիշյալ զրույցում Անդրանիկ Քոչարյանի հայտնածով, որ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ «հստակ նշված են մեր ռազմաօդային ուժերի վիճակը, հակաօդային ուժերի վիճակը, հարվածային ուղղությունները, Թուրքիայի մասնակցության հնարավորությունը», այսինքն` այդ ամենը մինչև 2020թ. սեպտեմբերյան պատերազմը հայտնի են եղել Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին:

Հինգերորդ. նույն զրույցում Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությամբ, որ բանակից տարբեր պատճառաբանություններով զորացրել են 40 տարեկան շատ արժեքավոր տղաների (սպաների), նրանց թվում նաև` այս պատերազմի ընթացքում զորացրել են 42 տարեկան Ռոման Գաբրիելյանին` հակադիվերսիոն գործողությունների ընթացքում հատուկ նշանակության բրիգադի ղեկավարին, «նրան հանել են տարիքի հետ կապված, 42 տարեկան, գնդապետ, 13 տարեկանից Մոնթեի դպրոցի շրջանավարտ և այլն»:

Վեցերորդ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին Դավիթ Տոնոյանի նշանակման առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան`  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դժգոհություններն անտեսելով, որոնք, ըստ լրագրողների հետ նույն զրույցում նշված հանձնաժողովի նախագահի հայտնածի, ինքը տարբեր առիթներով ներկայացրել է:

Յոթերորդ. Ադրբեջանի կողմից սպասվող լայնածավալ պատերազմին պատշաճ նախապատրաստվելու, 2016թ. ապրիլյան պատերազմից ի վեր թշնամու ներկայացրած նոր մարտահրավերներին մեր բանակի կարողությունները համապատասխանեցնելու, մասնավորապես` թշնամու ունեցած ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ համապատասխան ՀՕՊ և ՌԷՊ միջոցներ, հարվածային ու հետախուզական համապատասխան ԱԹՍ-ներ, համապատասխան քանակի ու կարողությունների համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու դրանց բավարար քանակի արկեր, առավել հեռահար հակատանկային հրթիռային համալիրներ (օրինակ, «Корнет-Д»), համապատասխան այլ սպառազինություն, բավարար քանակի և որակի զրահաբաճկոններ, գիշերային դիտման սարքեր, թշնամու զինվորների ու տեխնիկայի մոտենալը հեռվից ցույց տվող տվիչներ ձեռք բերելու փոխարեն, նախապես հայտնի, ակնհայտ այդ անհրաժեշտություններն անտեսելով, Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական թիմի ու ձևավորած իշխանության բազմաթիվ անդամների կողմից պետության ունեցած միջոցները մսխելով, վատնելով:

Առաջնահերթություն հանդիսացող վերոնշյալ անհրաժեշտությունների պայմաններում ահռելի` միլիարդավոր դրամների հասնող պետական միջոցների վատնումն արտահայտվել է արտերկիր Փաշինյանի և այլոց գերթանկարժեք ճամփորդություններով ու վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռի ձեռքբերմամբ, բազմաթիվ անձանց տևական ժամանակ, ընդ որում, նույնիսկ պատերազմի ընթացքում պարգևավճարներ ու հավելավճարներ տալով, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից այդ գործընթացը կասեցնելու, արգելելու փոխարեն, խրախուսելով, արդարացնելով ու պաշտպանելով, 2018- 2020 թթ. ընթացքում մեր պետության հնարավորություններին անհարիր տոնական թանկարժեք միջոցառումներ կազմակերպելով (դրանց սոսկ մի մասի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, ԱԺ-ում և այլուր օգտագործելու համար տասնյակ միլիոնավոր դրամների կոնյակներ գնելով, առկա մարտահրավերներին անհամապատասխան ռազմական տեխնիկա ու սպառազինություն ձեռք բերելով և այլն, և այլն:

Անդրանիկ Քոչարյանի ու Մովսես Հակոբյանի նշած Су-30СМ կործանիչների ձեռքբերման խայտառակ գործարքին, դրա, մեղմ ասած, աննպատակահարմարությանը հանգամանորեն կանդրադառնամ առաջիկայում:

Համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան