Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս-5)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ 

Պետական դավաճանության մեջ Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ- գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանի կատարած մի շարք բացահայտումներով:

Մովսես Հակոբյանը մասնավորապես հայտնել է, որ 2016թ., Ապրիլյան պատերազմից հետո, կազմվել է սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան, «խնդիր է դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ» ձեռք բերելու (խոսքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ինչպիսին է, օրինակ, «Սմերչը», հրթիռների /արկերի/ մասին է), 2017թ. կազմված 2018-2022 թթ. զարգացման պլանով նախատեսված է եղել ձեռք բերել ևս երկու դիվիզիոն «Тор» զենիթահրթիռային համալիրներ, դրանցից մեկը` 2018 թվականին, ընդ որում, դրա գումարի 10 տոկոսը` կանխավճարը, արդեն մուծված է եղել, մյուսը` 2019թ.: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը հավաստել է, որ այդ պլանը վերացական չի եղել, գրված է եղել, թե գումարը որտեղից է վերցվում, գումարներն ամբողջությամբ եղել են արդեն, դա ցանկությունների պլան չի եղել:

Ինչպես նշել է Մ. Հակոբյանը, ըստ այդ պլանի, պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»` իր մարտալրակազմով, պետք է կատարելակործվեր մեր «Իսկանդեր»-ի համակարգը, պետք է ձեռք բերվեին «Կոռնետներ» և մեծ քանակության զինամթերք, սակայն պլանը փոխել են, «2018 թվականի գործող պլանը փոխել են», նշված ռազմական տեխնիկայի, զինատեսակների փոխարեն, ձեռք են բերել Су 30СМ կործանիչներ, ЗУ-23-2 զենիթային սարքավորումներ (խորհրդային բանակի սպառազինություն է մտել 1960թ., մարտական մասը երկփողանի զենիթային գնդացիր է), և հետագայում նաև «Оса» զենիթահրթիռային համալիրներ:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարն այսպիսով բացահայտել է, որ Հայաստանի  Արցախի պաշտպանության համար խիստ կարևոր, ես կասեի` ճակատագրորեն կարևոր ռազմական տեխնիկա և զինատեսակներ ձեռք բերելու փոխարեն, «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանն իր դրածոների հետ միասին փոխել է ՀՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կազմած սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանը և կատարել եղած ֆինանսական միջոցների հանցավոր վատնում, քանի որ «Оса» զենիթահրթիռային համալիրները և ЗУ-23-2 զենիթային սարքավորումները եթե չասեմ անպիտան, ապա, ինչպես իրականությունը ցույց տվեց, խիստ անբավարար էին և անբավարար Ադրբեջանի ու Թուրքիայի գործադրած անօդաչու թռչող սարքերից արդյունավետորեն պաշտպանվելու համար:

Եթե սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման վերոնշյալ պլանը պետք էր փոխել, ապա պետք էր փոխել ոչ թե հնացած ЗУ-23-2 զենիթային սարքավորումներ, «Оса»-ներ ու խիստ թանկարժեք Су 30СМ կործանիչներ, այլ հակաօդային պաշտպանության այն միջոցը կամ միջոցները գնելու համար, որոնք Արցախում վերջապես հայտնվեցին անցյալ ամիս և հոկտեմբերի 19-ից թույլ տվեցին իրար հետևից շարքից հանել մինչ այդ մեզ, ըստ էության, անպատիժ կերպով ահռելի վնասներ պատճառած թուրքական նույնիսկ «Bayraktar TB2» ԱԹՍ-ները: «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը կարո՞ղ է հայտարարել ու հիմնավորել, թե մինչ այդ «Красуха 4» ՌԷՊ միջոցներ կամ համապատասխան այլ միջոցներ գնել հնարավոր չէր…

Ահա թե ինչու են Մ. Հակոբյանի վերոնշյալ բացահայտումներից հետո զայրույթից մոլեգնել Նիկոլ Փաշինյանն ու «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը, և, ամենայն հավանականությամբ, հենց այդ մոլեգնության, Հակոբյանի կատարած բացահայտումները կուլ չտալու հետևանքն է, որ «Հայելի» մամուլի ակումբում Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո նրան հրավիրել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն ու շուրջ 40 րոպե հարցաքննել:

Հատուկ զգուշացում ՀՔԾ ղեկավարությանը` չփորձե՛ք գեներալ Մովսես Հակոբյանի նկատմամբ շինծու մեղադրանքով քրեական գործ սարքել, ժամանակը կգա և հենց ձեզանից ոմանք են կանգնելու քրեական պատասխանատվության առջև` ոչ վաղ անցյալում նախարար Դավիթ Տոնոյանի առնչությամբ մամուլում հրապարակված հանցագործության մասին հաղորդմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ ընթացք չտալու համար:

Երեկ` նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանի բացահայտումների առնչությամբ խայտառակ հայտարարությամբ հանդես եկավ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը: Դրանում մասնավորապես նշված է.

«ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը»։

Այս հայտարարության հեղինակին և այն ՊՆ կայքում հրապարակման թույլտվություն տվողին հրապարակայնորեն հետևյալ հարցն եմ ուղղում` լո՞ւրջ եք ասում… Ի՞նչ պետական գաղտնիքի հրապարակման մասին է խոսքը, երբ Մովսես Հակոբյանն ասուլիսում նախապես հայտարարել է, որ 2017թ. կազմված 2018-2022 թթ. զարգացման պլանը 2018թ. մայիսից իշխանության եկածները փոխել են, այսինքն` խոսքը սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման փոխված, այլևս ուժի մեջ չգտնվող պլանի մասին է:

Եթե Մ. Հակոբյանն իսկապես պետական գաղտնիք է հրապարակել, ապա ո՞րն է նրա հրապարակած այդ պետական գաղտնիքը, պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող որոշակի ի՞նչ թեմաներ է նա հրապարակայնացրել, և ինչպես ու ինչո՞վ եք հիմնավորում, որ դրանց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը: Թե՞ դրանց հրապարակայնացումը հանրության աչքերն է բացում ու տեսանելի դարձնում ձեր ու ձեր ղեկավարության հանցավոր անգործությունն ու գործունեությունը… Հապա լավ մտածեք…

Եվ ամենակարևորը` այ «իդիոտներ» (հայերեն համապատասխան բառն այս դեպքում միտումնավոր չեմ օգտագործում…) կամ դեմագոգներ, դեռ դո՞ւք եք խոսում պետական գաղտնիքի հրապարակումից ու դրա անթույլատրելիությունից… Դեռ դո՞ւք եք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հայտարարում, թե «Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է»… Եթե նույնիսկ այդպես է, ապա այս ի՞նչ երկակի ստանդարտներով եք առաջնորդվում, ինչո՞ւ էիք, ինչպես ասում են, բերաններդ ջուր առել ու լլկվել, երբ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնոց Նիկոլ Փաշինյանն ինքն էր պետական կամ ռազմական գաղտնիք հրապարակում…

Ինչո՞ւ էիք լռում, երբ հենց ձեր ներկայացուցիչն էր պետական կամ ռազմական գաղտնիքներ հրապարակում, այն էլ` պատերազմի ընթացքում ու ռազմական դրության պայմաններում: Կուրացե՞լ էիք, թե կույր եք ձևանում…

Համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան