Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Քարվաճառի շրջանից. РИА Новости

Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանից, որը կեսգիշերին պետք է անցնի Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ինչպես փոխանցում է գործակալության թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ:

«Մենք այստեղ ենք մնացել ողջ պատերազմի ընթացքում և ոչինչ նրանց չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Հեռանում ենք մեր առաջապահ դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան: Մեր զորամասը վերջիններից մեկն է»,- թղթակցի հետ զրույցում ասել է մոտոհրաձգային զորամասի հրամանատարության ներկայացուցիչը:

Նշվում է, որ անձնակազմը շրջանից հեռացել է, նախքան պայթյունների կազմակերպումը: Զինվորական կառույցների ոչնչացմանը հետևել են ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները: