Կարմիր խաչը լրացուցիչ 400-500 աշխատակից կուղարկի ԼՂ, իսկ օգնության ֆոնդը 4 անգամ կավելացնի

«ՌԻԱ  Նովոստի» գործակալությունը, հղում անելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին, գրում է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Ղարաբաղ:

Ըստ աղբյուրի՝ վերջին 6 շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը:

Մաուրերի խոսքով, եթե աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը մոտ դիերը կփտեն, ինչը կբարդացի մարմինների ճանաչման գործընթացը: Բացի այդ, դրա հետևանքով կարող է հողի վարակում տեղի ունենալ:

Պետեր Մաուրերը հայտնել է, որ պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն 10,96 մլն դոլար էր, իսկ 2021 թվականին կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։

«Մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդիկ ունեինք։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- հայտարարել է Մաուրերը։

Նշենք, որ նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: