Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի, ապա և պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում: 2016թ.-ի քառօրյա պատերազմի օրերին նրա անձնուրաց գործողությունները Հայրենիքը բարձր էր գնահատել՝ արժանացնելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Իսկ այն, ինչ արեց պահեստազորի գնդապետն արդեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում, ոչ միայն պահի սխրագործություն էր, այլև դաս սերունդներին՝ երբեք չհանձնվել:

Մենք մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք…»։