Լավրովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի ԼՂ-ում հուշարձանների պահպանման հարցում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Լավրովը նախօրեին զրուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ՝ նշելով. «Հարկավոր է, որ կազմակերպությունն առկա կոնվենցիաների համաձայն Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակության, քաղաքակրթական և կրոնական ժառանգության պահպանման հարցում առավել նախաձեռնողական հանդես գա իր ծառայությունների կիրառման առաջարկություններով, ինչը կարևոր ներդրում կլինի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ապահովման համար:
Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել ակտիվ գործունեություն կծավալի, քան Սիրիայում՝ նախ և առաջ Հալեպում և Պալմիրում՝ ի պատասխան մշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ ստացված մեծաթիվ դիմումների․ պարզ ասած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մեր ընկերներն իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորել»,- նկատել է նախարարը։