ՀՀ շահի տեսանկյունից սա ամենախայտառակ փաստաթուղթն է վերջին երեք տասնամյակի ընթացքում. Տարոն Սիմոնյան

Այն դրույթները, որոնք ամրագրվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթական են ԱԺ-ում վավերացման: Եթե այդ գործընթացը չի կատարվել, սրանք առոչինչ դրույթներ են: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով սակայն, որ կանգնած ենք փաստի առաջ:

«Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորք է կուտակում. եթե ուշադիր լինենք Թուրքիայի՝ վերջին շրջանում արած հայտարարություններին, ապա կարելի է հստակ տեսնել մի փաստ՝ Թուրքիան ասում է, թե մտավախություն ունի, որ հետքայլ է կատարվելու ստորագրված փաստաթղթից, և ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ որևէ կողմ փաստաթղթից հետքայլ չի կատարի: Սա կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց՝ սա միակ փաստաթուղթն է, որտեղ ՀՀ-ը՝ ի դեմս վարչապետի, ընդունել է, որ ՀՀ-ը ոչ միայն հակամարտության կողմ է, այլև զորքեր է տեղակայել Արցախում: «Սա նշանակում է, որ 93-94 թվականից սկսած մեր արտաքին քաղաքականությունը մի հայտարարության տեքստով պատռել, ջուրն ենք գցել: Ով ուզում է լինի վարչապետ, բայց չի կարող լինել մի մարդ, որն այս խայտառակ փաստաթղթի տակ ստորագրել է: ՀՀ շահի տեսանկյունից սա ամենախայտառակ փաստաթուղթն է վերջին երեք տասնամյակի ընթացքում»,-ասաց Սիմոնյանը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց. Սահմանադրության համաձայն՝ եռակողմ հայտարարությունը համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում:

«Այն մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ իրավիճակ, ասում ենք՝ թույլ կտանք՝ մեր տարածքով անցնեն: Ճանապարհ ենք տալիս այն դեպքում, երբ փաստաթղթում նշված է, որ բոլոր շրջափակումները ապաարգելափակվում են, բացվում են: Սա խայտառակություն է, և Արցախի հակամարտության հետ կապված երբևէ որևէ թուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա կամ որևէ ձևով ՀՀ-ին որևէ հարցում պարտավորության մեջ կդներ»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող ուժերի հետ համագործակցելու վերաբերյալ հարցին՝ Մարուքյանն ասաց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներն ընթացքի մեջ են. «Մեր խորհրդարանական գործիքակազմը չի սպառվել, չի էլ սպառվելու: Պարզ է, որ իշխանությունը միշտ դա տապալելու շատ գործիքակազմ ունի, բայց ընդդիմությունն էլ շատ գործիքակազմ ունի: Մենք ինչ էլ որ անենք, անելու ենք Սահմանադրության և օրենքների տրամաբանության մեջ, և որևէ ձևով իշխանությանը հնարավորություն չենք տալու մեր նկատմամբ որևէ օրենք կիրառել»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Կառավարության փոփոխությանը և վարչապետի հեռանալուն, Մարուքյանն ասաց, թե դա շատ հստակ են արձանագրում. «Չի կարող այս փաստաթուղթն ստորագրած վարչապետը ապագայում սրանից քաղել հայանպաստ տեքստեր»,-նշեց նա: