ՀԱԿ-ի հայտարարությունը հուշում է, որ Նիկոլը կամ նրա մարդիկ քաղաքացիական բախումներ կամ պատերազմ են նախապատրաստում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին. Հայաստանում ներքին բախումների դեպքում կրելու եք անձնական պատասխանատվություն:

Նոյեմբերի 12-ին հրապարակվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության զարմանալի հայտարարությունը, զարմանալի, որովհետև ՀԱԿ-ից կամ Լևոն Տեր-Պետրոսյանից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կամ գործող իշխանության  դեմ նման հայտարարություն հնարավոր չէր սպասել: Նախ, ներկայացնենք ՀԱԿ-ի հայտարարությունը .

«ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել , թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև–թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»։

Բավականաչափ ճանաչելով Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ-ին, կարող եմ վստահեցնել, որ ՀԱԿ-ի կողմից վերը մեջբերված հայտարարությունը բացառված էր, դա կարող էր լինել միմիայն մի դեպքում, և այդ մի դեպքը հետևյալն է. Լևոն Տեր-Պետրոսյանը նախապես իրազեկված է կամ իր մեծ փորձառությամբ կանխատեսում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա մարդիկ Երևանում նախապատրաստում են քաղաքացիական բախումներ կամ պատերազմ, այսինքն` հայ ժողովրդի համար 2020թ. նոյեմբերի 9-ի դավաճանական հայտարարությունից` Արցախի և Հայաստանի գլխին ահավոր փորձանքից, ողջ հայ ժողովրդի նկատմամբ աններելի հանցանք գործելուց (բնորոշումները ՀԱԿ-ի հայտարարությունից են) բացի, լրացուցիչ արհավիրք է նախապատրաստվում:

Վերոնշյալի մասին է վկայում կամ առնվազն հուշում է հենց ՀԱԿ-ի հայտարարության 2-րդ պարբերության հետևյալ նախադասությունը. «Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում» (ընդգծումը` մերը)։

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը հանդես եկել վերոնշյալ հայտարարությամբ… Բացատրությունը շատ պարզ է. իմանալով կամ կանխատեսելով, որ սպասվում են քաղաքացիական բախումներ, ՀԱԿ-ն իրեն ապահովագրելու համար նախապես քննադատում, դատապարտում է ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը, իրականացնում սահմանազատում, որպեսզի հայ ժողովրդի հանդեպ վաղվա հնարավոր ոճրագործության մեղքի հետ ինքը որևէ առնչություն չունենա, հակառակը` ներկայանա ազգափրկչի լուսապսակով, որի հորդորը, զգուշացումն անտեսվեց:

Այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կամ նրա մարդիկ նախապատրաստում են ներքին բախումներ, վկայում, առնվազն հուշում են նաև հետևյալ փաստերը.

1.Լրագրողական խմբի կատարած նկարահանումների հիման վրա Hraparak.am-ի «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԻՆՎԱԾ ԳՎԱՐԴԻԱ Է ՁԵՒԱՎՈՐՈՒՄ» վերտառությամբ զգուշացնող հրապարակումը:

2.Երևանի Հանրապետության հրապարակում 2020թ. նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան լայն սփռումով ցուցադրված տեսանյութը, որում տրվում են սպանության սպառնալիքներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վերոնշյալ տեսանյութի ցուցադրման առնչությամբ 2020թ. նոյեմբերի 13-ին հանդես է եկել «Հանրապետության հրապարակում ատելության խոսք տարածող տեսանյութի ցուցադրությունն ակնհայտ արվել է ինչ-որ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ» վերտառությամբ հրապարակային հայտարարություն-արձագանքով , որում մասնավորապես նշված է.

«Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն:

Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:

Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:

Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք»:

3.ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների և այլ անձանց կողմից ծայրահեղ անհանդուրժողական, ագրեսիվ  վերաբերմունքը (այդ մասին տես նաև այսռեղ  թիմի դիրքորոշումը չկիսելու պատճառով նույն խմբակցությունից պատգամավոր Վարդան Աթաբեկյանի դուրս գալու առնչությամբ, որն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ մասնավորապես հայտնել էր հետևյալը.

«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես` մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։

Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.

1.Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր»։

Այսպիսով նույնիսկ իրենց իսկ խմբակցության մեկ այլ անդամի տարբերվող դիրքորոշումն «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների և այլ անձանց կողմից եղել է անհանդուրժելի:

Զգալով ներքին բախումներ կամ քաղաքացիական պատերազմ հրահրելու վտանգը, ի թիվս մի շարք այլ անձանց, իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանին ուղղված համապատասխան կոչ-պահանջով կամ զգուշացմամբ հանդես է եկել նաև ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Նրա տեսաուղերձում մասնավորապես նշված է.

«Դու մեզ  խայտառակել ես, դու բաժանեցիր մեզ հազար մասի, հիմա հանկարծ չփորձեց ժողովրդին հանել իրար դեմ…»:

Մեկ անգամ ևս կրկնում ենք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հայաստանում ներքին բախումների դեպքում կրելու են անձնական պատասխանատվություն:

Արթուր Հովհաննիսյան